Լոռիի մարզում գործող «Վանա-նավակ» ռեստորանում ծննդյան տարեդարձն ու սգո արարողությունն ավարտվել է դանկահարությամբ: Լոռիի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն՝ 18-ամյա Կարեն Փիլոյանը, տեղեկանալով, թե ավագ եղբայրը՝ Զորի Փիլոյանը, Վանաձոր քաղաքի Լոռիի խճուղու 1ա հասցեում գտնվող «Վանա-նավակ» ռեստորանում ընկերների հետ միասին ծննդյան տարեդարձը նշելիս վիճաբանության եւ կռվի մեջ է մտել նույն ռեստորանում սգո հացկերույթի մասնակցող այլ անձանց հետ, գնացել է հիշյալ ռեստորանի մոտ եւ միջամտել վիճաբանությանը:
Նույն վայրում Սամվել Խաչատրյանի հետ ծեծկռտուքի ընթացքում նախապես իր մոտ գտնվող դանակով վերջինիս մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ հարվածել է նրա որովայնին եւ առողջությանը պատճառել կյանքի համար վտանգավոր ծանր վնաս:
Քրեական գործ է հարուցվել 112 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոցը ընտրվել է գրավը: Գործը դատարան է ստացվել մարտի 20-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:




























