2010թ. հունիսի 5-ին  Չարենցավանի թիվ 5 միջնակարգ դպրոցում մաթեմատիկայի քննության ժամանակ համադասարանցիների միջեւ ծագած վիճաբանության արդյունքում մահացած 10-ամյա Դերենիկ Գասպարյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Արայիկ Զալյանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Այդ մասին գրում է «Առավոտ» թերթը։

«Գործում առկա էին բազմաթիվ խախտումներ, եւ մեր կողմից ներկայացված ոչ մի հիմնավորում, ոչ մի պատճառաբանություն, ոչ մի փաստարկ չընդունվեց։ Բազմաթիվ հիմքեր կային դիմելու ՄԻԵԴ, եւ դիմեցինք»,- ասել է Արայիկ Զալյանը։

Նկատենք, որ նախաքննության մարմինը քրեական գործ էր հարուցել Դերենիկ Գասպարյանի առողջությանը թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքի հիմքով եւ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ կարճել այն:

«Մի կողմից նախաքննության մարմինն ապացուցված է համարել ծեծի ենթարկվելու փաստը, մյուս կողմից՝ ծեծը որպես մահվան պատճառ, քննության չի առել, ինչը պարտավոր էր անել»,- պատմում է իրավահաջորդի ներկայացուցիչը՝ հավելելով որ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունից պարզվել է, որ Դերենիկ Գասպարյանը  մահացել է շնչառական ու սիրտ-անոթային գործունեության սուր խանգարումների զարգացման հետեւանքով, որոնք կարող էին առաջանալ նաեւ հարվածներից:

«Փորձագետի եզրակացության համաձայն՝ եթե ծեծկռտուքը չլիներ, Դերենիկ Գասպարյանը չէր մահանա։ Սակայն այս եւ այլ հանգամանքներ ՀՀ դատարաններն ու նախաքննության մարմինը հաշվի չառան»,- նշում է իրավահաջորդի ներկայացուցիչը»,- մեջբերում է «Առավոտը»։