Երեւանի ավագանու ընտրություններին բոլորը կտեսնեն Դաշնակցության իրական դեմքը: Այս մասին այսօր՝ մարտի 22-ին, խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում նշել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ անդրադառնալով Երեւանի ավագանու ընտրություններին:
Վարդանյանը նշել է, որ ՀՅԴ-ն նույնպես բացթողումներ ունի, սակայն երբեք իրեն չի գովել, ոչ էլ իրեն թույլ է տվել նվաստանալ այնքան, որ ինչ-որ մեկի հասցեին վատ արտահայտվի:
Նրա խոսքով՝ տեղական որոշ հեղինակություններ արդեն աշխուժանում են: Միաժամանակ, ըստ Վարդանյանի, իրենք հավատում են հաղթանակին եւ ավագանու ընտրություններին մասնակցում են բավական հմուտ թիմով. «Ընտրությունների ընթացքում խնդիր է դրված ապացուցել, որ խարհրդարանական ընտրություններում մեզ վերագրված տոկոսները իրականությանը չէին համապատասխանում»:
Նա նաեւ չի բացառել, որ ընտրություններից հետո ավագանու խորհրդում հնարավոր լինի ընդդիմադիր ուժերի համագործակցության ձեւաչափ ստեղծել:
Ի պատասխան հարցին, թե ինչպես է գնահատում ՀՀԿ-ի այն հայտարարությունը, թե Տարոն Մարգարյանը լավագույն քաղաքապետն է, Վարդանյանը նշել է, որ համամիտ չէ այդ կարծիքին. «Քաղաքապետարանի աշխատակիցների 95%-ը ՀՀԿ անդամ են, եւ եթե նրանց էլ հարցնեն՝ արդյոք Մարգարյանը լավագույն քաղաքապե՞տն է, ապա անգամ նրանք համամիտ չեն լինի»:




























