Եթե Հայ ազգային կոնգրեսը, «Բարգավաճ Հայաստանն» ու ՀՅԴաշնակցությունը չմասնակցեին Երեւանի Ավագանու ընտրություններին, կկորցնեին իրենց ընտրազանգվածը, քանի որ յուրաքանչյուր քաղաքական ուժի անհրաժեշտ է քաղաքական գովազդ, որ իրեն հիշեն: Այդ մասին մարտի 22-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Նրա խոսքով, Հանրապետական կուսակցությունը, «Բարեւ, Երեւան» դաշինքը եւ ԲՀԿ-ն կարող են միանշանակ անցնել Ավագանի, հաշվի առնելով, որ Րաֆֆի Հովհաննիսյանը կպահպանի ձայների մի մասը, որը կանցնի նրա նորաստեղծ դաշինքին: «ՀՅԴ-ն հիմնականում ձայն հավաքում է մարզերում, Երեւանում չնչին աջակցություն ունի: Սակայն այդ կուսակցությունը գերհզոր կազմակերպկան ռեսուրսներ ունի»,- նշել է սոցիոլոգը:

Խոսելով համամասնական ընտրացուցակները գլխավորող առաջին անձանց մասին` Ադիբեկյանը ընդգծել է, թե ՀՀԿ-ն հաղթելու մեծ շանսեր ունի` շնորհիվ Երեւանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի: Ըստ սոցիոլոգի, ԲՀԿ-ն, առաջին տեղը տալով Վարդան Օսկանյանին, անհաջող քայլ է կատարել: «Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանին, ով զբաղեցնում է ՀԱԿ ցուցակի առաջին համարը, կարող են հիշել, սակայն նա չի կարողացել ամբողջությամբ դրսեւորել իրեն: ՀՅԴ ներկաայցուցիչներն ընդհանրապես չեն ասոցացվում  քաղաքապետի պաշտոնի հետ: «Ժառանգության» ընտրությունը եւս անհաջող է, քանի որ Արմեն Մարտիրոսյանը կարող է լինել լավ քաղաքական գործիչ, սակայն քաղաքապետի պաշտոնում չի ընկալվում»,- նշել է Ադիբեկյանը` հետաքրքիր համարելով ՕԵԿ-ի քայլը` առաջին համարը տալ Արմեն Երիցյանին: «Նրան ճանաչում եւ հիշում են, ոչ ոք չի կարող մեղադրել կոռուպցիայի մեջ, սակայն տվյալ դեպքում քարոզչության խնդիր է ծագում»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները տեղի կունենան մայիսի 5-ին, որտեղ քաղաքական ուժերը կպայքարեն Երեւանի ավագանու 65 տեղի համար: Ցուցակների գրանցումը կկատարվի մարտի 22-31-ին, նախընտրական քարոզչությունը կսկսվի ապրիլի 7-ին եւ կավարտվի մայիսի 3-ին: Երեւանի ավագանու ընտրությունները տեղի կունենան բացառապես համամասնական ընտրակարգով:

Լուսանկարը` Արսեն Սարգսյանի/NEWS.am