Հայտարարությունները, թե ՀՀԿ-ն մտադիր չէ զիջել Երեւանը, քաղաքական մեծամտություն են: Այս մասին, այսօր՝ մարտի 2-ին, ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ նշեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ մեկնաբանելով ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովի հայտարարությունը, թե իրենք մտադիր չեն Երեւանը զիջել այլ քաղաքական ուժերի եւ որ Երեւանի ավագանու ընտրություններում առաջին տեղը կզբաղեցնի իշխող ՀՀԿ-ն:
«Երեւանը որեւէ քաղաքական ուժի կամ մարդկանց խմբի գրպանում չէ, որպեսզի նրանք որոշեն Երեւանը տալ կամ՝ չտալ: Քաղաքական մեծամտություն եմ համարում հայտարարությունները, որ Երեւանի ավագանու ընտրություններում առաջին տեղը արդեն կանխորոշված է»,-նշեց Զոհրաբյանը:
Նրա կարծիքով՝ Հայաստանի ընտրողի նկատմամբ նման վերաբերմունքն իշխանություններին կանգնեցնում է լուրջ խնդիրների առջեւ: «Նրանց չեն փրկի ոչ եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաների հաճոյախոսությունները, ոչ Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագիրը: Մենք պետք է խոստովանենք, որ խորհրդարանական ընտրություններից հետո երկրում բարոյահոգեբանական բեկում է տեղի ունեցել: Մենք ունենք քաղաքացիներ, ովքեր պատրաստ են պայքարել իրենց քվեի մասին: Նմանատիպ հայտարարություններ անող մարդկանց կոչ եմ անում հաշվի նստել Հայաստանի քաղաքացիների հետ, քանի որ նման դիրքորոշումը փակուղ է տանում»,-ընդգծեց Զոհրաբյանը:




























