Գաղտնիք չէ, որ Երեւանի Ավագանու ընտրությունները վերածվում են նախագահական ընտրություններից հետո ռեւանշի հասնելու փորձի: Այդ մասին մարտի 22-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Նրա խոսքով, Ավագանու ընտրություններին կայանալու է ընտրազանգվածի երրորդ վերաբաժանումը: Առաջինը եղել է խորհրդարանական, երկրորդը` նախագահական ընտրությունների ժամանակ: «Նախագահական ընտրություններին ողջ ընտրազանգվածը համախմբվեց երկու թեկնածու` Սերժ Սարգսյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջ: Իսկ այժմ կան 7 մանսակիցներ` 6 կուսակցություն եւ 1 դաշինք»,- նկատել է սոցիոլոգը` հավելելով, որ «Առաքելություն» անունը կրող կուսակցությունը լուրջ խնդիրներ ունի ճանաչելիության առումով: Հարցին, թե ինչով են առանձնանալու այս ընտրությունները, նա նկատել է, թե հաջողության կհասնի այն ուժը, որը տիրապետում է ռեսուրսների, եւ որի առաջին դեմքը ճանաչված եւ հասարակության կողմից ընդունելի է:
Ըստ սոցիոլոգի` ՀՀԿ-ն է առաջատարը: բացի այդ, ըստ Ադիբեկյանի, հարց է ծագում` կվերադառնա՞ Հայ ազգային կոնգրեսի ընտրազանգվածը, երբ իր ձայնը տվեց Րաֆֆի Հովհաննիսյանին: Հովհաննիսյանի ստացած ձայների ո՞ր մասը կստանա նրա «Բարեւ, Երեւան» դաշինքը: Ադիբեկյանը հայտարարել է, թե նախագահական ընտրություններում *աֆֆի Հովհաննիսյանի անձնական ձայները կազմում են 22,5 տոկոս, նույնքան էր «Ժառանգության» վարկանիշն է:
Լուսանկարը` Արսեն Սարգսյանի/NEWS.am




























