ՎիվաՍել-ՄՏՍ-ի միջոցներով հակակարկտային կայաններ են տեղադրվել Արեւադաշտ եւ Արաքս գյուղերում: Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամուլի ծառայությունից, ընդհանուր առմամբ, ՎիվաՍել-ՄՏՍ-ի ներդրումների ծավալը այս ուղղությամբ 2008թ-ին կազմել է 36 մլն դրամ, իսկ 2009 եւ 2010 թթ-ին, համապատասխանաբար` 40 եւ 44 մլն դրամ: 2008-2012 թվականներին ՎիվաՍել-ՄՏՍ-ը 180մլնդրամ է տրամադրել 28 հակակարկտային կայանի կառուցման եւ տեղադրման համար:
2012թ.-ի ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ ութ միավոր «Զենիթ» հակակարկտային կայան է արտադրվել եւ տեղադրվել Արմավիրի Քարակերտ, Լեռնագոգ, Շենիկ, Նոր Արտամետ եւ Արգինա գյուղերում: Բացի այդ, ՎիվաՍել-ՄՏՍ-ը նույն մարզին եւս 15 մլն դրամ է հատկացրել` 3 նոր հակակարկտային կայանի տեղադրման համար:
«Գյուղատնտեսությունը Հայաստանի տնտեսության առաջնային, եւ, միեւնույն ժամանակ, ամենախոցելի ոլորտներից է: Ցավոք, զգալի ժամանակ եւ ներդրումներ պահանջող բերքը կարող է բնական աղետի հետեւանքով ոչնչացվել ընդամենը մի քանի րոպեում: Սա մեծ կորուստ է գյուղացիների համար: Մենք, սակայն, պետք է գիտակցենք, որ այս խնդիրը վերաբերում է յուրաքանչյուրիս, քանի որ բերքի ոչնչացումը մեծ կորուստ է ոչ միայն երկրի տնտեսության, այլեւ գյուղերի, քաղաքի եւ առհասարակ` յուրաքանչյուր ընտանիքի համար: ՎիվաՍել-ՄՏՍ-ի իրականացրած այսօրինակ ծրագրերը խոսում են գոյություն ունեցող խնդրի շուրջ մեր ընկերության` համակարգված մոտեցման մասին: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նպաստում է Հայաստանում կյանքի առավել լավ որակի ապահովմանը», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Հակակարկտային ամբողջ համակարգը ներառում է հատուկ սարքավորումներ, որոնք հայտնաբերում են պոտենցիալ կարկուտ կրող ամպերի կուտակումը, համակարգում են հակակարկտային հրթիռների գործարկումը, ապահովում ավտոմատ սարքավորումների գործարկումը։
«Զենիթ» հակակարկտային կայաններն աշխատում են մեծ ուժգնությամբ ուղղահայաց հարվածային ալիքները դեպի մթնոլորտ տարածելու եղանակով: Այդ ալիքները վնասում են կարկտաբեր ամպերի կառուցվածքը եւ չեզոքացնում կարկուտի հավանականությունը:
Հակակարկտային կայանի կառավարումն իրականացվում է ավտոմատ կերպով` բջջային ցանցի միջոցով բջջային հեռախոսից SMS հաղորդագրություններ ուղարկելով: Վերջինիս տեխնիկական ապահովումն իրականացվում է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության կապի միջոցներով:
Ի դեպ, հեռահաղորդակցության առաջատար օպերատորը հակակարկտային կայանների համար սահմանել է կապի հատուկ սակագին: Կայանի ավտոմատ աշխատանքն ապահովելու համար օգտագործվում է արեւային էլեկտրասնուցման համակարգ: Կայանները շատ պարզ եւ հեշտ են` կիրառման մեջ:
Չորրորդ տարին անընդմեջ, ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցն արդյունավետ կերպով օգտագործվում է գյուղատնտեսական նպատակներով: Նախկինում հակակարկտային համակարգերը վերահսկվում էին կապի անլար ռադիո մոդեմի միջոցով, ինչն այնքան էլ անարդյունավետ չէր:






























