Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ 22-ամյա երիտասարդը, ում դիակը հայտնաբերել էին կորելուց 4 օր անց միայն, ըստ նախնական տեղեկությունների, ինքնասպան է եղել:
NEWS.am-ին հայտնի է դարձել, որ մարտի 20-ին գյուղին հարակից անտառում գտել են նույն գյուղի բնակիչ 22-ամյա Կարեն Կարապետյանի դիակը: Պարզվում է` երիտասարդը մի քանի օր առաջ` մարտի 16-ին հոր որսորդական հրացանը վերցրել է ու գնացել մոտակա անտառ որսի եւ չի վերադարձել: Մեկ օր անց հայրը դիմել է տեղի ոստիկանություն` ահազանգելով, որ որդին տանից դուրս է եկել ու չի վերադարձել:
Ոստիկանները երկու- երեք օր փնտրելուց հետո գտնում են Կարենի դին: Ըստ նախնական տեղեկությունների՝ երիտասարդը որսորդական հրացանով ինքնասպանություն է գործել` ծնոտից կրակելով իրեն: Շրջանառվող լուրերի համաձայն Կարենի գրպանից հայտնաբերվել է հոգեւոր գրառումներով գրքույկ, ինչպես նաեւ խաչ:
Նշենք, որ նա սովորում էր Հերացիի անվան բժշկական համալսարանում, Գավառի բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկի որդին է եւ Նորատուսի գյուղապետ Մ. Հարությունյանի քրոջ որդին:
Կարենի մահվան վերաբերյալ այլ մանրամասներ դեռ հայտնի չեն:




























