Մարտի 23-ին` Մեծ Պահքի 41-րդ օրը, Հայաստանյայց Առաքելական եկեղեցին նշում է Ղազարոսի հարության հիշատակի օրը:

Ինչպես հաղորդում է Արարատյան հայրապետական թեմի կայքը, Ղազարոսի հարության մասին պատմվում է Սբ. Հովհաննեսի Ավետարանում: Ղազարոսը Հիսուս Քրիստոսին սիրելի մի ընտանիքից էր: Նա Մարիամի եւ Մարթայի եղբայրն էր, որ մահացավ հիվանդության պատճառով: Քրիստոսը նրան հարություն է տալիս՝ ապացուցելով, որ Ինքն է կյանքը եւ հարությունը: Ղազարոսի հարության մասին պատմող դրվագը գեղեցիկ վերնագիր ունի` «Եվ Հիսուս արտասվեց...»: Հրեաները, տեսնելով Հիսուսի արտասվելը, ասում են. «Տեսեք, թե ինչքան էր սիրում նրան»: Քրիստոսի արտասվելը՝ բոլորի հանդեպ Նրա հետագայում անսահման սիրո վկայությունն է, իսկ Ղազարոսի հարությունը խորհրդանշում է նաեւ ննջեցյալների համընդհանուր հարությունը:

Հարությունից հետո սուրբ Ղազարոսն ապրել է եւս 30 տարի, քրիստոնեություն է տարածել Կիպրոսում: