Քուրդ ժողովրդին Նովրուզի՝  նոր տարվա տոնի, կապակցությամբ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորանքը քաղաքապետի տեղակալ Վանո Վարդանյանը փոխանցել է Հայաստանի քրդական ազգային խորհրդի նախագահ Կնյազ Հասանովին եւ մաղթել համայնքին համերաշխություն, ծրագրերի իրականացում եւ նոր ձեռքբերումներ:

«Քրդական համայնքը իր ուրույն դերով մշտապես ակտիվորեն մասնակցել է քաղաքային ծրագրերին եւ եղել մեր կողքին: Երեւանի քաղաքապետարանը կարեւորում է ազգային փոքրամասնությունների դերն ու նշանակությունը քաղաքի կյանքում եւ պատրաստ է իր լրազորությունների շրջանակում համագործակցել ու աջակցել»,-քաղաքապետի անունից նշել է Վանո Վարդանյանը:

Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ շնորհակալություն հայտնելով Տարոն Մարգարյանին գնահատանքի եւ շնորհավորանքների համար` Կնյազ Հասանովը իր հերթին ընդգծել է, որ երեւանաբնակ  քուրդ համայնքը մշտապես ակտիվորեն իր մասնակցությունն է ունենում քաղաքային տարբեր ծրագրերին եւ պատրաստակամություն է հայտնել ընդլայնել համագործակցությունը:

«Քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից այս  ուշադրությունը մեկ անգամ եւս ապացուցում է, որ հայ ժողովրդի հետ մեր բարեկամական կապերը շատ ամուր են: Եվ երբ աշխարհասփյուռ քրդերը Երեւանը դիտարկում են իրենց մշակութային կենտրոններից մեկը, դա այլեւս զարմանալի չէ: Դա Երեւանի իշխանությունների կողմից մշտապես ցուցաբերվող բարեկամական վերաբերմունքի արդյունքն է, ինչի համար եւս անկեղծ շնորհակալ ենք: Եվ կարեւորելով մայրաքաղաքի բարեկարգման ու զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները, որոնք վերջին շրջանում ավելի ու ավելի նկատելի են դառնում, մեր համայնքի անունից մեր պատրստակամությունն ենք հայտնում անել հնարավորը` հանուն քաղաքի զարգացման»,-նշել է Հայաստանի քրդական ազգային խորհրդի նախագահը:

Քաղաքապետի տեղակալ Վանո Վարդանյանը հույս է հայտնել, որ առաջիկայում քուրդ համայնքի հետ կապերն էլ ավելի կընդլայնվեն եւ համատեղ նոր ծրագրերի իրականացման հնարավորություններ կընձեռվեն: