Գրող Մերուժան Տեր-Գուլանյանը Հայաստանի նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Սերժ Սարգսյանին ուղղված վերջին առաջարկներն այնքան էլ լուրջ չի համարում: Այս մասին նա ասաց այսօր՝ մարտի 23-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Ես շատ բարձր կարծիքի եմ նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի ասուլիսի մասին: Շատ կարեւոր է, որ ասուլիսի ժամանակ նախագահը խոսեց անկեղծ եւ հարցերին բանավոր պատասխանեց եւ նրա դիմաց չկար ոչ մի փաստաթուղթ»,-ասաց Տեր-Գուլանյանը՝ հավելելով, որ պատասխաններ տրվեցին բոլոր հարցերին:

Նրա համոզմամբ՝ պետք չէ շահարկել ժողովրդի անունը: «Դա հանգեցնում է ժողովրդի պառակտման: Նախագահական ընտրությունները վաղուց ավարտվել են, նախագահն ընտրված է: Լավ կլիներ, եթե Րաֆֆի Հովհաննիսյանը դադարեցներ հացադուլը, գնար տուն եւ զբաղվեր իրական քաղաքականությամբ»,-հայտարարեց նա՝ ընդգծելով, որ մտահոգվում է Րաֆֆի Հովհաննիսյանի առողջությամբ եւ անպայման կայցելի նրան Ազատության հրապարակում:

Գրողի խոսքով՝ հայ մտավորականությունը խուսափում է մասնակցել քաղաքական գործընթացներին, վախենում է տարբեր արտահայտություններից եւ չհասկացված լինելուց:

Նա ընդգծեց, որ 2008 թվականի մարտի 1-ի ողբերգական դեպքերն, անկասկած, պետք է բացահայտվեն: «Մենք ինքներս ենք մեղավոր մեր դժբախտություններում: Մեզ անհրաժեշտ է պտածել մեր պետության մասին: Այո, մենք ունենք արտագաղթի խնդիր եւ այլ դժվարություններ, սակայն մենք պետք է հավատանք ընտրական գործընթացներին, որպեսզի վերջիններս իսկապես վստահության արժանի լինեն»,-խոստովանեց գրողը:
Անդրադառնալով Երեւանի ավագանու ընտրություններին, Մերուժան Տեր-Գուլանյանը նշեց, որ ընտրել է այն ուժին, որի աշխատանքը տեսել է: «Խոսքը ներկա քաղաքապետ Տարոն Մարգարյանի մասին է: Ձեւավորվել է լավ քաղաքապետարան, բայց դեռ շատ գործ կա անելու»,-ասաց նա՝ նշելով, որ մյուս ուժերը նույնպես կարող են մաս կազմել Երեւանի ավագանու, եւ, հնարավոր է, դա ավելի արդյունավետ լինի:

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները տեղի կունենան մայիսի 5-ին, որտեղ քաղաքական ուժերը կպայքարեն 65 տեղի համար: Երեւանի ավագանու ընտրություններն անցկացվում են բացառապես համամասնական ընտրակարգով: