ԵՊՀ մի շարք դասախոսներ միացել են պատմական գիտությունների թեկնածու Արարատ Միրզոյանի` իրենց լիազորությունները գերազանցած ԵՊՀ որոշ պաշտոնյաների պահվածքը դատապարտող հայտարարությանը եւ նրանց պատժելու պահանջին:
Մասնավորապես, նման բովանդակությամբ հայտարարություն են տարածել դասախոսներ պ.գ.թ. Հովհաննես Հովհաննիսյանը, փ.գ.թ. Ավետիք Մեջլումյանը, ս.գ.թ. Ժաննա Անդրեասյանը, Գրիգոր Ղազարյանը: Նրանք առնվազն մտահոգիչ են համարել Արարատ Միրզոյանի հայտարարությունից հետո նրա հետ ԵՊՀ-ի կողմից նոր պայմանագիր չնքելու փաստը: «Առաջարկում եմ երկու իրադարձությունների միջեւ պատճառահետեւանքային կապը ժխտելու նպատակով վերանայել Միրզոյանի հետ պայմանագիր չկնքելու վերաբերյալ որոշումը»,- հայտարարել են դասախոսները:
Արարատ Միրզոյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում կարեւորեց մյուս դասախոսների հայտարարությունները` եւ մասնագիտական, եւ արհեստակցական սոլիդարության առումով, եւ առհասարակ բուհում եւ մեր երկրում թափանցիկության, խոսքի ազատության այդ թվում` քննադատության ազատության մշակույթի ամրպնդման առումով:
Դասախոսների հայտարարությունը հրապարակվել է սոցիալական ցանցերում եւ լրատվամիջոցներում, սակայն, ըստ էության, նրանց բարձրացրած պահանջը չի կատարվել: ԵՊՀ ռեկտորի օգնական Գեւորգ Մելքոնյանը շարունակում է աշխատել, մինչդեռ Արարատա Միրզոյանը այլեւս չի դասախոսում: «Իրավական առումով ԵՊՀ ռեկտորատի որոշումը կարծես թե անխոցելի է, այն առումով, որ իրենք ռազմավարություն ունեն կրճատել ժամավճարով դասախոսների քանակը, փոխարենը ավելացնել հիմնական դասախոսների ժամավճարը, թեեւ շատերի համար ակնհայտ է, որ պատճառահետեւանքային կապ կա»,- մեզ հետ զրույցում ասաց Արարատ Միրզոյանը:
Հիշեցնենք, որ ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի մոտ տեղի ունեցած հերթական բողոքի ակցիայի ժամանակ միջադեպ էր գրանցվել: ԵՊՀ ռեկտորի օգնական Գեւորգ Մելքոնյանը դասադուլավորների՝ «Մենք ձեզ սիրում ենք» կոչին պատասխանել է. «Մենք էլ ձեզ ենք սիրում, բայց միայն աղջիկներին»: Նա նաեւ նշել է, թե «Զորքը բեր առաջ, տղերքին՝ ախալքալաքցիներին բեր առաջ»: Դրանից բացի երիտասարդներից մեկը, դիմելով դասադուլավորներին, բղավել է «սիկտիր»: Սոցիալական ցանցերում եւ լրատվամիջոցներում մեծ աղմուկ է բարձրացել Գեւորգ Մելքոնյանի պահելաձեւի հետ կապված, իրենց դժգոհությունն են հայտնել ոչ միայն ուսանողներ, երիտասարդներ, այլեւ ԵՊՀ մի շարք դասախոսներ` պահանջելով ԿԳ նախարարից, ԵՊՀ ռեկտորից միջոցներ ձեռնարկել եւ պատժել նրան:
Դրանից հետո Արարատ Միրզոյանը հայտարարություն էր տարածել` խստորեն դատապարտելով 2013թ. փետրվարի 27-ին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի դիմաց դասադուլի կոչով հանդես եկող ուսանողների նկատմամբ ԵՊՀ որոշ պաշտոնյաների, ուսխորհդի, արհմիության եւ/կամ այլ կառույցների ներկայացուցիչների պահվածքը: «Համարում եմ, որ հայհոյանքները, վիրավորանքները, սպառնալիք պարունակող եւ վտանգավոր հետեւանքներով հղի «զորքը բեր առաջ, ախալքալակցիներին բեր առաջ» արտահայտությունը, հեգնական «ես էլ եմ ձեզ սիրում, հատկապես աղջիկներին«-ը եւ նման այլ արտահայտությունները, մեղմ ասած, պատիվ չեն բերում ԵՊՀ-ին եւ վտանգում են Մայր ԲՈՒՀ-ի հեղինակությունը: Պահանջում եմ ՀՀ ԿԳ նախարարից եւ ԵՊՀ ռեկտորից պաշտոնապես պարզաբանել միջադեպը եւ պատժել իրենց պաշտոնը չարաշահած եւ լիազորությունները գերազանցած անձանց»,- նշել է նա: Այս
հայտարարությունից հետո ԵՊՀ ռեկտորատը չեր հաստատել իր հետ նոր պայմանագիր կնքելու առաջարկությամբ՝ Հայ արվեստի պատմության ամբիոնի զեկուցագիրը: Համալսարանի ղեկավարությունը ոչ պատժել, ոչ էլ նկատողություն է արել ռեկտորի օգնական Գեւորգ Մելքոնյանին, ով անհարիր արտահայտություններ էր արել դասադուլ անող ուսանողների նկատմամբ:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























