Վրաստանի խորհրդարանը պարտադրել է պատգամավորներին ծառայության ժամանակ աշխատանքային կամ ազգային կոստյումներ կրել: Համապատասխան ուղղումները կանոնակարգ-օրենքում ընդունվել են մարտի 22-ին, խորհրդարանական աշխատանքների երրորդ եւ վերջին ընթերցման ժամանակ:
Օրինագծին կողմ է քվեարկել 88 պատգամավոր, դեմ է եղել մեկ պատգամավոր:
Ինչպես հայտնել է «Նովոստի Գրուզիա»-ն, նախկին կանոնակարգն օրենսդիրներին թույլ էր տալիս նիստերին մասնակցել միայն աշխատանքային կոստյումներով, սակայն կանոնակարգի նոր ուղղումների նախաձեռնող Բիձինա Գուջաբիձեն եւ նրա գաղափարակիցներն արդեն մի քանի անգամ նիստերին մասնակցել են ազգային տարազներով: Գուջաբիձեն խորհրդարանական մեծամասնության մաս հանդիսացող Պահպանողական կուսակցության ներկայացուցիչ է:
Ավելի վաղ Գուջաբիձեն հայտարարել էր, որ ցանկանում է չոխան «ազգային պետական ատրիբուտի» վերածել: Դեռ ոչ մի խորհրդարանական կին ներկայացուցիչ կանացի ազգային կոստյումով` քարթլուի շրջազգեստով եւ չիխտի-քոպի գլխաշորով, նիստերին չի մասնակցել:




























