Մարտի 25-ին՝ ժամը 14:00-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում նշանակված է «Մատաղիսի» գործով արդարացման դատավճռի դեմ տուժողի իրավահաջորդի եւ մեղադրող կողմերի բողոքների քննությունը:

Այս առնչությամբ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Տուժողներից Ռոման Եղիազարյանի իրավահաջորդ Գոհար Մելքոնյանն իր բողոքով միջնորդել է վերանայել ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը եւ կայացնել ճիշտ վճիռ: Իսկ ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունը պահանջում է ամբողջությամբ բեկանել դատարանի վճիռը, կայացնել մեղադրական դատավճիռ եւ Ռազմիկ Սարգսյանին դատապարտել 7, Արայիկ Զալյանին՝ 8, Մուսա Սերոբյանին` 8 տարի ազատազրկմամբ:

Նախորդ դատական նիստի ընթացքում վերաքննիչ բողոքներ են ներկայացրել տուժողի իրավահաջորդ Գոհար Մելքոնյանը եւ մեղադրող դատախազ Անդրանիկ Շահինյանը, իսկ վերաքննիչ բողոքների դեմ առարկություն է ներկայացրել երեք արդարացվածների պաշտպան Հայկ Ալումյանը:

Դատական նիստի ընթացքում մեղադրյալները կներկայացնեն իրենց առարկությունները:

Հիշեցնենք, որ Ռազմիկ Սարգսյանը, Մուսա Սերոբյանը եւ Արայիկ Զալյանը մեղադրվում էին 2003 թ. ծառայության ընթացքում Մատաղիս գյուղի զորամասում ծառայողներ Ռոման Եղիազարյանի եւ Հովսեփ Մկրտումյանի սպանության մեջ:

Եվ ինը տարի համառ պայքարից հետո միայն Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը արդարացրել է նրանց»: