Րաֆֆի Հովհաննիսյանի ինքնազգացողությունը շատ լավ է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով Ազատության հրապարակում հացադուլ է հայտարարել մարտի 10-ին: Վերջինս ասաց, որ օրվա ընթացքում քաղաքացիական հազարավոր այցելություններ են եղել, ինչն իր համար շատ կարեւոր է:

Հարցին, թե իր նամակին արձագանք եղե՞լ է նախագահի նստավայրից, «Ժառանգության» առաջնորդը պատասխանեց, որ ավելացնելու ոչինչ չունի:

Ազատության հրապարակում հավաքված քաղաքացիները դրական էին վերաբերում Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկներին՝ կապված Սերժ Սարգսյանի նախագահությունը ճանաչելու դիմաց 8 պաշտոններ ստանալու հետ: Երիտասարդները նշում էին, որ Րաֆֆի Հովհաննիսյանը գործում է քաղաքավարության կանոններով եւ այդ քայլով էլ տարբերվում է Լեւոն Տեր-Պետրոսյանից:

Տարեց քաղաքացիներից մեկն էլ  նշեց, որ թերահավատորեն է մոտենում, որ իշխանությունը կընդունի Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկը, սակայն իր կողմից առաջարկեց, որ քաղաքական ուժերը մտածեն ծնելիության բարձրացման մասին: Նա առաջարկեց, որ ՀՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն իրենց երիտասարդներին ամուսնացնեն միմյանց հետ, որ ծնելիությունը բարձրանա:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am