Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկն անցյալ շաբաթ՝ մարտի 18-24-ն ժամանակահատվածում արժութային շուկայում վաճառել է 13,65 մլն դոլար: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԿԲ պաշտոնական կայքէջը:
Նշենք, որ անցյալ շաբաթ ՀՀ դրամը սրընթաց արժեզրկվում էր՝ շաբաթվա սկզբի 415 դրամից շաբաթվա վերջում հասնելով 420-421 դրամի: Ընդ որում՝ դոլարի բորսայական փոխարժեքը մարտի 23-ին կրկնեց վերջին 5 տարվա ռեկորդը՝ 419.18 դրամ:
Ակնհայտ է, որ ԿԲ արժութային ներարկումները նպաստել են դրամի անկման կասեցմանը՝ արդեն շաբաթվա վերջում դոլարի աճը կանգնեց:
Նշենք, որ ԿԲ-ն արտարժույթը վաճառել է 1դոլար/418,73 դրամ միջին փոխարժեքով:
Դրամի արժեզրկմանը նպաստում են ինչպես սեզոնային գործոնները, այնպես էլ հայկական բանկերի ու գործարարների ֆինանսական հնարավոր կորուստները Կիպրոսում:
Այսպես՝ հունվար-մարտին տրանսֆերտների ծավալը նվազել է մինչեւ 70-80 մլն դոլար ամսական՝ տարվա վերջի 160-170 մլն դոլարի համեմատ: Դա պայմանավորված է նրանով, որ արտագնա աշխատանքի մեկնողները դեռ նոր են կնքում պայմանագրերը:
Ինչ վերաբերում է կիպրոսյան բանկերում հայաստանյան ծագման ակտիվներին, ապա առկա է որոշակի տեղեկատվական բաց: Եթե անգամ հայաստանյան բանկերը Կիպրոսում լուրջ ներդրումներ չունեն, ապա մեր ֆինանսական համակարգը անուղղակիորեն կարող է կիպրոսյան ճգնաժամի ազդեցությունը զգալ այն օտարերկրյա բանկերի միջոցով, որոնք ակտիվներ ունեն եւ Կիպրոսում, եւ Հայաստանում; Նշենք, որ հայաստանյան բանկերի կանոնադրական կապիտալներում օտարերկրյա կապիտալի մասնաբաժինը գերազանցում է 75%-ը: Չի բացառվում, որ Կիպրոսում կորուստներ ունեցած օտարերկրյա բանկերը փորձեն դրանք փոխհատուցել երրորդ երկրների ակտիվների միջոցով:
Սամվել Ավագյան



























