Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի համար հայրը` նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, ոչ միայն ծնող է եղել, այլեւ՝ ուսուցիչ: Այս մասին Անդրանիկ Մարգարյանի տարելիցի օրը` մարտի 25-ին, Կոմիտասի անվան պանթեոն այցելությունից հետո մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Նա նշեց, որ բոլորի համար իրենց հայրերը ամենամեծ տպավորությունն են թողնում իրենց կյանքի ընթացքում, բայց Անդրանիկ Մարգարյանը եղել է իր ուսուցիչը, որպես հասարակական, քաղաքական գործիչ` իրենից շատ բան է սովորել, այն է` հայրենասիրություն, ազգասիրություն: «Այն գործունեությունը, որն այսօր իրականացնում եմ, սովորել եմ իրենից եւ իր խորհրդով եմ շարժվել»,- ասաց քաղաքապետը:
Հարցին, թե ինչո՞վ էիք բարկացնում ձեր հայրիկին, նա պատասխանեց, որ փորձել է իր ծնողներին չբարկացնել, շարժման ընթացքում որպես պատանի եղել է հոր կողքին եւ շատ բան է սովորել:
«Ամենակարեւորը հայրենասիրությունը եւ ազգասիրությունն է, մեծերին հարգելը, արմատները չմոռանալը, այս խրատները փոխանցում եմ այժմ իմ երեխաներին»,- նշեց Տարոն Մարգարյանը:
Երեւանի քաղաքապետը խոստովանեց, որ այժմ էլ ապրում է հոր խորհուրդներով, իր գործունեության ընթացքում ամեն մի որոշում կայացնելիս միշտ մտածում, թե ինչ գնահատական կտար դրան Անդրանիկ Մարգարյանը` որպես ծնող եւ որպես ուսուցիչ:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am



























