Կամչատկայի գաղութներից մեկում 400 բանտարկյալ հացադուլ են հայտարարել: Նրանք պահանջում են ռեժիմի թեթեւացում եւ թիթեղյա սպասքի փոխարինում, հայտնում է Ռուսաստանի պատժի իրագործման դաշնային ծառայության մամուլի բյուրոն: 

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը գրում է, որ ներկայումս №6 ուղղիչ գաղութում պատիժ է կրում 875 դատապարտյալ:

Պատժի իրագործման դաշնային ծառայությունում հերքել են գաղութում տեղի ունեցած ընդվզման մասին լուրը՝ պարզաբանելով, որ մարտի 23-ին այնտեղ «կռիվ է սկսել դատապարտյալների միջեւ, որի ընթացքում մի քանի բանտարկյալներ թեթեւ մարմնական վնասվածքներ են ստացել»: «Դատապարտյալների նկատմամբ ֆիզիկական ուժ եւ հատուկ միջոցներ չեն կիրառվել»: Ծառայության ղեկավարները ժամանել են գաղութ, դատապարտյալների անօրինական գործողությունների կանխման համար հայտարարվել է գերատեսչության անձնակազմի եւ«Բերկուտ» հատուկ նշանակության ջոկատի հավաք: Ավելի վաղ հաղորդվել էր, որ գաղութի կռվին մասնակցել է 20 մարդ, տուժել են ինը բանտարկյալներ, գաղութի աշխատակիցները չեն տուժել:

Ներկայումս ուղղիչ հաստատությունում նախաքննական ստուգում է, պարզվում են պատճառները: Գաղութն անցել է ծառայության խստացված ռեժիմի: