Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը, հնարավոր է, ապրիլի 14-ին բանտից ազատվի, եթե մինչ այդ այլ մեղադրանքներով մեղավոր չճանաչվի: Այդ մասին հայտնել է Եգիպտոսի արդարադատության նախարար Ահմեդ Մեքքին:
2012թ. դատարանը երկրի նախկին նախագահին ցմահ ազատազրկման էր դատապարտել՝ հեղափոխության ընթացքում 850 մարդու մահվան մեղադրանքով: Սակայն 2013թ. հունվարին դատարանը որոշել էր վերանայել վճիռը: Այդ գործով դատական նոր լսումները նշանակված են ապրիլին, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Մուբարաքի փաստաբան Յուսրի Աբդել Ռազակը կարծում է, որ քրեական գործի վերսկսումը ենթադրում է պետության նախկին ղեկավարի բանտից ազատում, քանի որ մեղադրանքները զրոյացվել են, իսկ նոր ապացույցներ չեն ներկայացվել:




























