«Ժառանգությունը» առայժմ չի մեկնաբանում Սերժ Սարգսյանի պատասխանը Րաֆֆի Հովհաննիսյանի նամակ-առաջարկին: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում «Ժառանգության» մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանն ասաց, որ իրենք առաջիկայում կանդրադառնան դրան: Թե երբ եւ ինչպես է անդրադառնալու «Ժառանգությունն» այդ պատասխանին, մամուլի քարտուղարը որեւէ բան չասաց:

Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը մարտի 22-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքում հայտարարել է որոշակի պայմաններում Սերժ Սարգսյանի դե-ֆակտո նախագահությունը ճանաչելու պատրաստակամության մասին: Նախկին թեկնածուի առաջարկը ենթադրում է 2013թ. արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում, իսկ մինչ այդ, օրենսդրությունում կատարել փոփոխություններ, թողնել բացառապես համամասնական ընտրակարգը, արտերկրում ապրող քաղաքացիների քվեարկության ապահովում, կամ նվազագույնը նրանց՝ ցուցակներից հանում, որպեսզի նրանց փոխարեն չլցոնեն բացակա մեր հայրենակիցների հաշվին: Առնվազն հինգ մարզպետների ազատում աշխատանքից եւ այդ պաշտոններում Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացրած մարդկանց նշանակում: Երրորդ՝ հիմնական ընտրակեղծարար քաղաքապետերի եւ գյուղապետերի ազատում աշխատանքից՝ օգտագործելով կառավարության լիազորությունները: 4-րդ՝ բոլոր ընտրակեղծարարների ենթարկում՝ քրեական պատասխանատվոթյան: Կառավարության եւ ծառայությւոնների վից հետեւյալ ոլորտների ղեկավարներ նշանակել Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացրած անձանց՝ ՀՀ գլխավոր դատախազություն, հարկային եւ մաքսային պետական ծառայություն, ԱԱԾ, արտգործնախարարություն, ԿԳ նախարարություն, վերստուգիչ պալատ, արդարադատության խորհուրդ, հակամենաշնորհային հանձնաժողով: Վերջում պարոն Հովհաննիսյանը նշել է, որ նշված դրույթները անբեկանելի են՝ մինչեւ խորհրդարանական ընտրությունների ավարտը:

Այսօր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի նամակ-առաջարկին, որտեղ, մասնավորապես, նշել է.

«Հարգելի՛ պարոն Հովհաննիսյան,

Շնորհակալ եմ մեր հանդիպման ժամանակ արված իմ առաջարկությունը վերջապես ընդունելու եւ Ձեր մտքերը թղթին հանձնելու ու փոխանցելու համար: Որքան էլ ինձ հասցեագրված գրավոր նյութը հեռու է պետության եւ պետական իշխանության ձեւավորման վերաբերյալ պատշաճ պատկերացումներից եւ ուղղակիորեն հակասում է գործող սահմանադրական կարգավորումներին, այն, այդուհանդերձ, կարող է օգնել արդյունավետ երկխոսություն սկսելու համար: Ինձ ուրախացնում է, որ Դուք ունեք նաեւ ուժեղ ընդդիմությանը հարիր լուրջ վերահսկողական գործառույթների ստանձնման պատրաստակամություն, եւ այդ հարցում մեր կարծիքները կարծես բավականաչափ մոտ են: Ես վստահ եմ, որ եթե մենք սկսենք միասին նպատակադրված աշխատել, հիմնվելով պատկերացումների ընդհանրությունների վրա, հաստատապես արդյունքի կհասնենք:

Իմ հորդորն է Ձեզ՝ դադարեցրեք խնդրում եմ հացադուլը, մեկ-երկու օր կազդուրվեք եւ մենք միասին, թուղթ ու գրիչով, հանգիստ, առանց շոուների սկսենք աշխատել, լուրջ աշխատել՝ անգամ հիմք ընդունելով հենց Ձեր կողմից առաջարկված, այս պահին թեկուզեւ շատ հում, շարադրանքը»: