Հայաստանում նման իրավիճակ չի եղել. Եղել են սուր իրավիճակներ, բայց այսօր, թեեւ արտաքին լարվածություն չկա, լարվածություն կա իշխանական թեւում, որը նրանք չեն կարողանում հարթել: Այդ մասին այսօր՝ մարտի 25-ի մամուլի ասուլիսում հայտարարել է «Կանաչների կուսակցություն» նախագահ Արմենակ Դովլաթյանը:

Ըստ նրա` նախագահական ընտրությունները խախտումների առումով  գերազանցեցին իր սպասումները. «Ընտրությունների ժամանակ կիրառած սխեման իշխանություններին թույլ  տվեց ստանալ անհրաժեշտ արդյունքները: Նրանք ենթադրում էին, թե Րաֆֆի Հովհաննիսյանը կհավաքի ձայների 38%-ը, եւ եթե կեղծիքներ չլինեին, ապա Հովհաննիսյանը կհաղթեր»:

Խոսելով ներքաղաքական դաշտում փոփոխությունների մասին` նա նշել է, որ չնայած Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը դեռ նոր է սկսվում, սակայն ընտրողը չի կարողանում կողմնորոշվել` ում տալ իր ձայնը: Շատերը չգիտեն` ինչպես քվեարկել»:

Անդրադառնալով  նախագահի՝ «Ժառանգության» առաջնորդին ուղղված պատասխանին, Դովլաթյանը նշել է, որ անհրաժեշտ է, որպեսզի կողմերը հանդիպեն եւ քննարկեն իրավիճակը: «Սակայն հենց Հովհաննիսյանը պետք է գտնի տվյալ իրավիճակի լուծումը»: Դովլաթյանը միաժամանակ չի մեկնաբանել Հովհաննիսյանի հետագա քայլերը՝ նշելով, որ նախագահի նախկին թեկնածուն երբեմն անկանխատեսելի է իր որոշումներում:  «Հովհաննիսյանը հաճախ ընդունում է այնպիսի որոշումներ, որ նույնիսկ նրա կուսակցության անդամները տեղյակ չեն լինում, եւ այդ պատճառով էլ կարող եմ ասել, որ ամեն ինչ հնարավոր է»: