Մեր իրականությունից անտեղյակները կարծում են, որ գիշերները «վաստակում են» միայն սիրո քրմուհիները, բայց սխալվում են:
Կան մարդիկ, որոնք աշխատում են օրական 25 ժամ: Եթե անհատ տաքսիստը գիշերն աշխատում է` լրացուցիչ գումար վաստակելու համար, ապա դա նրա անձնական խնդիրն է: Սակայն հաճախ կարելի է հանդիպել վարորդների, որոնց գիշերն ստիպում է աշխատել տաքսի ծառայության սեփականատերը:
Աշխատանքային օրենսդրության համաձայն, աշխատանքային շաբաթը մեզանում կազմում է 40 ժամ կամ օրական 8 ժամ` հնգօրյա աշխատանքային շաբաթվա պարագայում: Սակայն ինչպե՞ս են գործերն իրականում: Դժվար է հավատալ, որ «վայրի» կապիտալիզմի պարագայում այս ոլորտում օրինակելի կարգուկանոն է տիրում:
Վիճակագրությունը հաշվարկում է քաղաքացիների աշխատաժամերը` տնային տնտեսությունների ընտրովի ուսումնասիրման արդյունքում: Եթե դիտարկենք այդ ցուցանիշի դինամիկան վերջին տասնամյակի ընթացքում, ապա նկատվում է աշխատաժամանակի նվազման ակնհայտ միտում (2012թ. արդյունքները կհրապարկվեն միայն ընթացիկ տարեվերջին):

Այսպիսով, սկսելով շաբաթական 42,8 ժամից, վերջում հասել ենք մինչեւ 35,4 ժամը: Հարցվածների թվում, բացի վարձու աշխատողներից, կան նաեւ այլ աշխատողներ: Այսինքն, «զբաղվածներ», որոնցից շատերն իրենք են որոշում` շաբաթական որքան աշխատել: Ուստի, խնդրի պարզաբանման համար դիմեցինք առանձին ճյուղային պորֆկազմակերպությունների միությունների ղեկավարներին:
Առեւտրի, սպառողական կոպերացիաների եւ ձեռնարկատիրության ոլորտի աշխատակիցների ճյուղային պրոֆկազմակերպությունների միության նախագահ Շմավոն Մկրտչյանը հարցը բաժանեց երկու մասի: Առաջինն այն կազմակերպությունների համար, որտեղ կա պրոֆմիության սկզբնական բջիջ, երկրորդը` նրանց համար, որտեղ նման բջիջ չկա:
Նրա խոսքով` ձեռնարկություններում, որտեղ գործում է պրոֆմիությունը, գործատուն սովորաբար ստիպված է հաշվի առնել կոլեկտիվի կարծիքը: Անհրաժեշտության դեպքում, երբ պահանջվում է լրացուցիչ աշխատանքի կատարում, կարող են կրառվել փոխզիջումային տարբերակներ, քանի որ պրոֆմիությունը ձեռնարկատիրոջ սնանկացման նպատակ չունի: Երկրորդ տարբերակի դեպքում ձեռնարկություններում կարող է անկարգություն տիրել:
Ընդհանրապես, ծառայությունենրի ոլորտը, գործատուների ամենաթողության համար նպաստավոր դաշտ է: Արտաժամյա աշխատանքն օրենքով չի արգելվում, սակայն պետք է համապատասխան կարգով վճարվի: Սակայն, եթե ընկերությունում ամենաթողություն է (ինչը հատուկ է տեղական բիզնեսին), ապա աշխատակազմին ստիպում են աշխատել առանց վճարվելու: Պարզապես «տերը» հրամայել է եւ վերջ:
Նա, ով կհամարձակվի ընդդիմանալ, անմիջապես կհեռացվի:
Սովորաբար խանութներում միջինն աշխատում են օրական 10 ժամ, լինում է` մինչեւ 12 ժամ: Սակայն հաջորդ օրը նրանք հանգստանում են: Թեեւ լինում է նաեւ, որ աշխատում են ողջ շաբաթը` առանց հանգստյան օրերի...
Ինչ վերաբերում է ֆինանսավարկային ոլորտին, ապա հանրապետության շատ առեւտրային բանկեր նաեւ արտասահմանյան կապիտալով են աշխատում: Գաղտնիք չէ, որ նման ընկերությունները, որպես կանոն, առավել օրինպահ են, քան հայրենական կապիտալով գործող ընկերությունները:
Այդ իսկ պատճառով այդ ոլորտում խնդիր չկա: Համենայն դեպս, այդպես է պնդում բանկային եւ ֆիանանսավարկային ոլորտի աշխատակիցների պրոֆկազմկերպությունների միության նախագահ Լաուրա Հակոբյանը: Նրա կարծիքով` ֆինանսական ոլորտի կազմակերպություններն աչքի են ընկնում կազմակերպվածությամբ:
Ալբերտ Խաչատրյան



























