Իսրայելի նախկին, հնարավոր է նաեւ՝ ապագա արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը կրկին կոշտ քննադատության է ենթարկել «Ազատության նավատորմի» դեմ գրոհի համար Թուրքիայից Նեթանյահուի ներողություն խնդրելը։ Ըստ նրա՝ դա վնաս է հասցնում տարածաշրջանում Իսրայելի ռազմավարական շահերին:
Քննադատության հիմք հանդիսացող գլխավոր պատճառն ընտրած ուղու հարցում ազգի համոզվածություն է, ինչը, ըստ Լիբերմանի, պաշտպանունակության եւ ուժեղ թշնամուն հաղթելու հիմքն է, գրում է IzRus.co.il կայքը՝ վկայակոչելով «Էդիոթ Ահրոնոթ» թերթին:
Նախկին արտգործնախարարի խոսքով՝ հենց ընտրած ուղու նկատմամբ հավատը հրեական երիտասարդ պետությանը թույլ տվեց անկախության համար մղվող պայքարում հաղթել ուժերով գերազանցող արաբական երկրներին:
«Նույնիսկ եթե այս պահին ինչ-որ քայլ ներկայացվում է իբրեւ դիվանագիտական եւ քաղաքական շահ, բայց խախտում է ընտրած ուղու արդարության նկատմամբ հավատը եւ ազգի բարոյական վիճակը, երկարաժամկետ հեռանկարում դրա հասցրած վնասը մեծապես գերազանցում է տվյալ պահի օգուտին...», - նշում է Լիբերմանը եւ հավելում, որ թուրք զոհված գրոհայինների ընտանիքներին իսրայելի կողմից փոխհատուցում վճարելը սեփական մեղքը խոստովանել կնշանակի:
Լիբերմանը հիշեցնում է, որ Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների ճգնաժամը նավատորմի դեպքից շատ առաջ էր սկսվել: «Առավել մեծ նշանակություն ունի այն, թե իսրայելյան ներողություն ինչպես է ընկալվել Հունաստանում, Կիպրոսում, Պարսից ծոցի երկրներում եւ այլն: Նրանց համար դա նշանակում է, որ Իսրայելի հետ փոխգործակցության փոխարեն նախընտրելի է պայմանավորվել Էրդողանի եւ Դավութօղլուի հետ... Երկարաժամկետ հեռանկարում դա հսկայական ռազմավարական վնաս կհասցնի, որի հետեւանքները կզգանք հետագա տարիներին», - եզրակացրել է Լիբերմանը:
Հիշեցնենք, մարտի 22-ին՝ Նեթանյահուի եւ Էրդողանի հեռախոսազրույցի մասին լուրից հետո, Լիբերմանը «կոպիտ սխալ» էր անվանել Թուրքիայից ներողություն խնդրելը։ news.am/arm/news/145765.html




























