Կամչատկայի գաղութում մոտ 400 բանտարկյալներ դադարեցրել են մարտի 25-ին հայտարարած հացադուլը, հաղորդել են Ռուսաստանի պատիժների իրականացման դաշնային ծառայության երկրամասային վարչությունում:
«Հացադուլ հայտարարած բոլոր բնտարկյալները նախաճաշելու եւ ճաշելու համար եկել են ընդհանուր ճաշարան»,- հայտարարել է ծառայության ներկայացուցիչը, հայտնում է «Գազետա.ռու»-ն:
Խոսքը Կամչատկայի տարածաշրջանում խիստ ռեժիմի թիվ 6 գաղութի մասին է, որտեղ հաշվվում է 1272 մարդ: Ներկա պահին այնտեղ իրենց պատիժը կրում է ծանր հանցագործության համար դատապարտված 875 մարդ:
Մարտի 23-ին գաղութում զանգվածային ծեծկռտուք է եղել, որի հետեւանքով, ըստ հաղորդագրությունների, մի քանի բանտարկյալներ վիրավորվել են: Մարտի 25-ին հայտնի է դարձել, որ «բանտարկյալների կողմից Կամչատկայի տարածաշրջանում Ռուսաստանի ՊԻԴԾՎ դատախազին եւ ղեկավարին ուղղված 382 հայտարարություն է ստացվել` հացադուլ հայտարարելու վերաբերյալ»: Ծառայության հաղորդագրության մեջ նշվել է, որ բանտարկյալները պահանջել են, որ հսկողության կարգը մեղմացվի եւ ճաշարանում պլաստմասե սպասքը փոխարինվի անձնական ճաշարանային սպասքով:




























