Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը ներկայացրել է ՄԻՊ 2012 թվականի զեկույցի Երեւանի քաղաքապետարանի ոլորտին վերաբերող հատվածը:
Երեւանի քաղաքապետարանի գործունեության ոլորտում արձանագրվել են հետեւյալ թերացումները.
Մի շարք դեպքերում Երեւանի քաղաքապետարանը քաղաքացիներին օրենքով սահմանված կարգով իրենց տարածքի համար սեփականության իրավունքն անհատույց տրամադրելու փոխարեն նրանց ստիպել է վճարել ապօրինի գումարներ:
Բազմաթիվ դեպքեր են գրանցվել, երբ Քաղաքապետարանի ոչ թափանցիկ վարչարարության արդյունքում կրպակներ տեղադրելու ցանկություն հայտնած անձանց նկատմամբ շահադիտական նկատառումներով դրսեւորվել է ոչ միատեսակ եւ խտրական վերաբերմունք:
Շարունակում են չլուծված մնալ ինքնակամ շինարարության հետ կապված հարցերը, որոնք ի թիվս այլ հետեւանքների, խոչընդոտում են համայնքների կայացմանը եւ զուգորդվում են խիստ մտահոգիչ կոռուպցիոն դրսեւորումներով:
Թեեւ Քաղաքապետարանը կատարել է աշխատանքներ` ուղեւորափոխադրումների մակարդակը բարձրացնելու նպատակով, սակայն, դրանք չեն լուծել ոլորտում առկա խնդիրները:
Անուշադրության է մատնվել մի շարք մանկապարտեզներում գործող խմբերի երեխաների թվաքանակի նվազեցման հարցը:
Չի իրականացվել հետեւողական քաղաքականություն ոլորտում տեղի ունեցող ծառահատումների, շրջակա միջավայրի աղտոտման դեպքերին արագ արձագանքելու եւ դրանց վերացման արդյունավետ մեխանիզմներ մշակելու ուղղությամբ:
Անձանց կոմունալ-կենցաղային հարցերը վերհանելու եւ արդյունավետ կերպով լուծելու նպատակով չեն իրականացվել համապատասխան գործողություններ:
Դեռեւս իր լուծումը չի ստացել հասարակական տրանսպորտը հաշմանդամություն ունեցող անձանց ազատ տեղաշարժմանը հարմարեցնելու հարցը:
Արձանագրված դրական զարգացումները
Հաշմանդամներին սպասարկելու նպատակով բանակցություններ են տարվել չինական ավտոգործարանի հետ, որն առաջարկել է այդ մեքենաների համար վերելակային հարմարանք:
Քաղաքապետարանը որդեգրել է քաղաքականություն, համաձայն որի պետք է դադարեցվի Երեւանի ներքաղաքային երթուղիներում շահագործվող «Ռաֆ» եւ «Երազ» մակնիշի հնամաշ միկրոավտոբուսների աշխատանքը:
Կազմված արձանագրությունների համաձայն քանդվել են ինքնակամ շինությունները, զավթած համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը ազատվել են ապօրինի տիրապետողներից, իսկ տարածքները բերվել են նախկին տեսքին:




























