Այսօր կան ուժեր, որոնք նախագահի հրաժարականը չեն պահանջում, այն դեպքում, երբ ընտրությունները կեղծվել են, բայց օրը 24 ժամ պահանջում են վարչապետի հրաժարականը:  Այս մասին այսօր` մարտի 26-ին, Ազատության հրապարակում կայացած ասուլիսին ասաց «Ժառանգության» փոխնախագահ, խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը` պատասխանել հարցին, թե ինչու իրենք չեն պահանջում վարչապետի, ոստիկանապետի ու արդարադատության նախարարի հրաժարականներն այն դեպքում, երբ դժգոհում են տնտեսությունից, արտագաղթից, ընտրակեղծիքներից:

«Եթե մենք պահանջում ենք կեղծված ընտրությունների արդյունքները վերանայել, ապա դա նշանակում է, եւ նախագահ, եւ վարչապետ, եւ ոստիկանապետ, եւ արդարադատության նախարար եւ մյուս պաշտոններ ունեցողների հրաժարականն ենք պահանջում»,-ասաց Ռ. Հակոբյանը:

Նրա խոսքով` որոշ քարոզչամիջոցներ, որոնք ֆիքսված իրենց քննադատում են, թե ինչու օրականը 24 ժամ վարչապետի հրաժարականը չեն պահանջում, դեմագոգիայով են զբաղված: Ռուբեն Հակոբյանի կարծիքով`  այսօր օլիգարխի թիկնապահը ավելի շատ լիազորություններ ունի, քան վարչապետը եւ չի կարելի այստեղ առաջնորդվել ինչ-ինչ անձնական շահեր լուծելով: «Մի թիկնազորի պետ կարող է ավելի շատ լիազորություններ ունենալ, քան վարչապետը, դա նրանից է, որ օրենքով չի ապրում Հայաստանը»,- ասաց Ռուբեն Հակոբյանը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am