Հայաստանի առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը Միացյալ հայկական հիմնադրամի նախագահ Հարութ Սասունյանի հետ հանդիպման ընթացքում քննարկել է առողջապահության ոլորտին վերաբերող մի շարք հարցեր։

Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախարարը չափազանց բարձր է գնահատել Սասունյանի վերաբերմունքը ինչպես հայրենիքի, այպես էլ առողջապահության ոլորտի հանդեպ եւ երկարամյա ներդրումը Հայաստանի բնակչությանն անվճար դեղերով եւ բժշկական պարագաներով ապահովելու գործում։

Դումանյանն իր հյուրին ներկայացրել է նախորդ հանդիպումից հետո ոլորտում կատարված նորությունները, նշել, որ արդեն կայացել է դեռեւս երկրաշարժից հետո կուտակված ժամկետանց դեղերի եւ բուժպարագաների ոչնչացման համար մրցույթը եւ շատ շուտով կկատարվի դրանց վնասազերծումը։

Նախարարը նաեւ տեղեկացրել է, որ 2013թ. առաջին անգամ  տարվա կարիքների համար մրցույթը հայտարարվել է վեց ամսվա կտրվածքով, ինչը հնարավորություն կտա ընթացքում ուսումնասիրել պահանջարկի տատանումները, ինչպես նաեւ հաշվի առնել հումանիտար ճանապարհով ստացվող դեղերի առկայությունը։ Եվ որպեսզի անվճար տրամադրվող դեղերի բաշխման ընդհատումներ չլինեն, մինչեւ ապրիլի կեսերը կկազմակերպվի երկրորդ կիսամյակի մրցույթը։ Դերենիկ Դումանյանը նաեւ հավելել է, որ կազմակերպված բավական մրցակցային, թափանցիկ մրցույթի արդյունքում տնտեսվել է մոտ 240 մլն դրամ։ Այդ եւ այլ մրցույթներից խնայված միջոցները կտրամադրվեն բնակչությանն անվճար տրամադրվող դեղերով ապահովվածությունը մեծացնելուն։ 

Այնուհետեւ Դերենիկ Դումանյանն ու Հարութ Սասունյանը քննարկել են հետագա համատեղ աշխատանքի ուղղություններն ու մեխանիզմերը։ Միացյալ հայկական հիմնադրամի նախագահը շեշտել է, որ վերջին շրջանում նախարարության հետ համագործակցությունը դյուրացել է եւ դարձել առավել նպատակային: