Երեւանի ավագանին դեր չի խաղում Երեւանի կառավարման հարցում: Այսօր՝ մարտի 26-ին, մամուլի ասուլիսում նման տեսակետ է հայտնել ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Նրա կարծիքով՝ իրավիճակը պետք է փոխել. «Մարդիկ պետք է ընտրեն ոչ թե համամասնական ցուցակների առաջին համարներին, այլ՝ քաղաքական ուժերին, իսկ իշխանությունը վերջին 4 տարվա ընթացքում քաղաքապետներ է փոխել: Հետեւաբար, ՀՀԿ-ի համար Երեւանի քաղաքապետի պաշտոնն ընտրովի չէ, իշխանությունն ինքն է նշանակում»,-ասել է Վարդանյանը:

Ներկա ընտրությունները, նրա խոսքով, պետք է փոխեն իրավիճակը ոչ միայն Երեւանում, այլեւ ողջ հանրապետությունում: Այստեղից էլ ՀՅԴ-ի ընտրած  կարգախոսը. «Երեւան, վերափոխիր Հայաստանը»:

Անդրադառնալով ընդդիմադիր ուժերի միասնական ցուցակով հանդես գալու չստացված գաղափարին, դաշնակցական գործիչն ասաց, որ այս պահին պետք է կենտրոնանալ ապագայի վրա. «Այդ գաղափարը չստացվեց: Գուցե դա ավելի լավ է: Հիմա յուրաքանչյուրը կպայքարի իր համար, որպեսզի առավելագույն ձայներ ստանա»:

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները տեղի կունենան մայիսի 5-ին: ՀՅԴ համամասնական ցուցակը գլխավորում է ԱԺ-ում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, երկրորդ տեղում Աղվան Վարդանյանն է, երրորդում՝ Արսեն Համբարձումյանը: