Երեւանի ավագանու ընտրություններում ընդդիմությունը ոչ միայն միասնական ճակատ չձեւավորեց, այլեւ արդեն սկսել են միմյանց հասցեին փոխադարձ մեղադրանքներ հնչեցնելը:«Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանի հայտարարությանը պատասխանել է ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:
ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը չցանկացավ մեկնաբանել ընդդիմադիր դաշտում տեղի ունեցող խմորումները: Իսկ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ քաղաքական ուժերը այսօր շատ ավելի կարեւոր գործ ունեն, քան փոխադարձ մեղադրանքներ հնչեցնելը, դա առաջիկա Երեւանի ավագանու ընտրություններում համագործակցային դաշտ ստեղծելն է` հնարավոր ընտրակեղծիքները կանխելու եւ ապօրինությունների դեմ միասնական արձագանք տալու համար. «Միավորիչ պետք է լիներ Երեւանի ավագանու ընտրություններում միասնական դաշտ ձեւավորելը հնարավոր ընտրակեղծիքների, ապօրինությունների դեմ պայքարելու համար, ոչ թե տարբեր խնդիրների վերաբերյալ ինչ-ինչ տարաձայնությունները փորձեն խորացնել միմյանց հասցեին մեղադրանքներ հնչեցնելով: Սա, ինչպես ցույց է տվել փորձը, փակուղի տանող ճանապարհ է: Կարծում եմ` պետք է զերծ մնալ դրանից եւ փորձել գտնել այն ընդհանուրը, որը կարող է միավորիչ լինել: Իհարկե, տարբեր հարցերի վերաբերյալ միշտ էլ կարող են տարաձայնություններ լինել, բայց կարծում եմ` պետք է փորձել հարգել միմյանց տեսակետը լսելով, այլ ոչ թե մեղադրանքներ հնչեցնելով»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Ինչ վերաբերում է Ռուբեն Հակոբյանի հայտարարությունը` որոշ քաղաքական ուժերի վարչապետին քննադատելու մասին, ապա Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ ակնարկների չեն արձագանքում, եթե ԲՀԿ-ի հասցեին կոնկրետ մեղադրանք, մտահոգություն հնչեցվի, ապա կանդրադառնան:
Հիշեցնենք, որ մարտի 26-ին Ազատության հրապարակում կայացած ասուլիսի ժամանակ «Ժառանգության» փոխնախագահ, խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նշել էր, թե Հայ ազգային կոնգրես խմբակցության մեջ կան մարդիկ, ովքեր պայքարում են այս շարժման դեմ: Նա ասել էր, որ այդ խմբակցության մեջ իրենք ունեն շատ լավ ընկերներ, բայց այդ խմբակցության որոշ ներկայացուցիչներ իրենց գնահատականներով չեն տարբերվում ՀՀԿ-ականների հնչեցրած գնահատականներից: Նա խորհուրդ է տվել իշխանությունների հետ միասին չլծվել` հարվածելու շարժմանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանին: Ռուբեն Հակոբյանը նաեւ նշել էր, թե այսօր կան ուժեր, որոնք նախագահի հրաժարականը չեն պահանջում, այն դեպքում, երբ ընտրությունները կեղծվել են, բայց օրը 24 ժամ պահանջում են վարչապետի հրաժարականը:




























