Ադրբեջանի իշխանություններին ներքին խնդիրներն ավելի շատ են անհանգստացնում, քան՝ բանակի զինումը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում հայտարարել է ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը:

Նրա խոսքով` դրա հերթական ապացույցն այն է, որ հարեւան երկրում պատրաստվում են մշակել պոլիմերային կորպուսով ատրճանակ: Այդ զինատեսակը նախատեսված է զինելու այնպիսի ուժային կառույցներ, ինչպիսիք են ոստիկանությունն ու ներքին զորքերը: Զենքը մշակվելու է թուրքական TISAŞ ընկերության հետ համատեղ: «Այս փաստը խոսում է այն մասին, որ Ադրբեջանի իշխանություններին ավելի շատ անհանգստացնում են ներքին խնդիրները, քան բանակի զինումը: Մեղմ ասած, նրանք հիմա բանակի համար ժամանակ չունեն»,- նշել է փորձագետը` ավելացնելով, ավելի վաղ արտաքին խնդիրներն օգտագործվում էին ներքին իրավիճակը փակելու նպատակով, բայց այժմ արդեն այդ տարբերակն էլ չի օգնում:

 Ադրբեջանում վերջին ժամանակներս տարբեր բողոքի ցույցեր են անցկացվել: Հունվարին Իսմայիլ քաղաքի բնակիչները բողոքի ցույցի էին ելել բռնաապետական ռեժիմի դեմ, որն այնուհետեւ վերաճել էր ընդհարումների: Հունվարի կեսերին Բաքվի Յասամալի շրջանի փախստականները բողոքի ցույց են անցկացրել կենցաղային հարցերի անտեսման, ունեցած դժվարությունների եւ անվերջ աճող անարդարությունների դեմ: Մասնակիցները փորձել են շրջափակել ճանապարհները, սակայն ոստիկանությունը ցրել է ցուցարարներին: Անցյալ ամիս Լեռնային Ղարաբաղից փախստական մի կին`արդարության չհասնելով սեփական երկրում, օգնության խնդրանքով դիմել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Այնուհետեւ Ադրբեջանում փախստականները բողոքի ցույց են անցկացրել` պահանջելով բարելավել կենսական պայմանները: Ցույցի մասնակիցները շրջափակել էին Ադրբեջանի մայրաքաղաքի կարեւոր մայրուղիներից մեկը` Թբիլիսյան պողոտան: Ցույցն ավարտվել է ոստիկանության միջամտությունից հետո: Իսկ վերջերս Բաքվի կենտրոնում, բանակում զինվորների մահվան դեմ կազմակերպված բողոքի ցույցը եւս ոստիկանները ցրել են: