23-ամյա  Սլավիկ Մխիթարյանը «Բելլիսիմո» ռեստորանային համալիրի կարաոկե-բարի սրահում բռնություն է գործադրել հաճախորդ Մարի Կ.-ի նկատմամբ, այնուհետեւ սուր ծակող-կտրող գործիքով հարվածներ է հասցրել մենեջեր Կարեն Դոդոռյանի մարմնի տարբեր մասերին: Լոռիի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն՝ 23-ամյա  Սլավիկ Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա  Վանաձոր քաղաքի Բաթումի 9ա հասցեում գործող «Բելլիսիմո» ռեստորանային համալիրի կարաոկե-բարի սրահում դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը: Վերջինս բացահայտ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել հաճախորդների եւ հիշյալ կարաոկե-բարի աշխատակիցների նկատմամբ, տեւական ժամանակ ինչպես ներկաների հասցեին, այնպես էլ անորոշ տվել է սեռական բնույթի հայհոյանքներ: Նա սեղանի վրա դրված բաժակներն ու շշերը նետել է հաճախորդների ուղղությամբ, որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ դիտավորությամբ վնասել է հիշյալ համալիրին պատկանող գույքը, ինչը զուգորդվել է նաեւ հաճախորդ Մարի Կ.-ի նկատմամբ բռնություն գործադրելով։

Այնուհետեւ Սլավիկ Մխիթարյանի խուլիգանական գործողությունները դադարեցնելու նպատակով ռեստորանային համալիրի մենեջեր Կարեն Դոդոռյանը պարզաբանումներ ստանալու նպատակով նրան դուրս է հրավիրել ռեստորանային համալիրի տարածքից, որից հետո Վանաձոր քաղաքի Բանյոյի փողոցի 8-րդ շենքի մոտակայքում Սլավիկ Մխիթարյանն իր անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով, խուլիգանական դրդումներով, մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ սուր ծակող-կտրող գործիքով հարվածներ է հասցրել Կարեն Դոդոռյանի մարմնի տարբեր մասերին, առողջությանը պատճառել ծանր վնաս եւ դիմել փախուստի:

Քրեական գործ է հարուցվել 112  հոդվածի  2-րդ մասի 9-րդ կետով եւ 258 հոդվածի 4-րդ մասով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Գործը վարույթ է ընդունվել մարտի 20-ին: Դատական քննությունը վարույթ է ընդունվել ապրիլի 4-ին: