Զատկի տոնից առաջ հարկավոր է ուշադիր հետեւել ձկան եւ ձվի գներին: Այդ մասին մարտի 27-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է հայաստանի Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը:  Այդ ապրանքների փուլային թանկացում նկատվում է ոչ առաջին տարին: «Ամեն անգամ մեզ ինչ-որ բացատրություններ են ներկայացնում, բայց իրականության մեջ ամեն ինչ պարզ է, աճում է պահանջարկը, աճում են գները: Միամտություն է կարծել, թե այդ թանկացումն ամեն տարի կապված է օբյեկտիվ գործոնների հետ: Այդ գործոնները չեն կարող ամեն տարի համընկնել Զատկի հետ»,- ասել է Պողոսյանը:

Այդ հանգամանքներում, ըստ Պողոսյանի, մեծ դեր է խաղում Տնտեսական մրցակցության պաշտպանոթյան պետական հանձնաժողովը, որը լիազորված է ստուգել գների աճի հիմնավորվածությունը. «Ընդ որում, աշխատանքը պետք է կատարել ոչ թե տոներից հետո, երբ սպառողն արդեն ծախսել է, այլ հենց հիմա, երբ արտադրողները ապրանքի պահուստներ են անում եւ նոր գների հույս ունեն»,- նշել է նա: Պողոսյանը կարծում է, թե միայն արտադրողներին մեղադրելը սխալ է. «Նրանք հայտարարում են, թե ցրումը կատարվում է նույն գնով, ինչ նախկինում: Իսկ թե ինչ գին են դնում խանութներում, իրենց իրավասությունների մեջ չէ: Պետական հանձնաժողովի ժամանակին արված վերահսկողությունից գնորդը միայն կշահի»: