Երեւանում ներկայումս 340 հիվանդներ բուժվում են սուր շնչառական վարակներից, իսկ 118 հիվանդներ` թոքաբորբից եւ շնչառական հիվանդությունների թեթեւ տեսակներից: Այդ մասին մարտի 27-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանը:
«Մարզերում 277 հիվանդներ են բուժվում սուր շնչառական վարակներից, իսկ 125-ը` թոքաբորբից եւ շնչառական հիվանդությունների թեթեւ տեսակներից»,- ասել է բժիշկը` նկատելով, որ բուժում են կամ գրիպի վարակը կամ արդեն դրա հետեւանքները:
Նրա խոսքով, գրիպը նախնական փուլում բուժելը նշանակում է կանխել թոքաբորբը: Հենց թոքաբորբը կարող է հանգեցնել խրոնիկ հիվանդությունների սրման, որոնք լուրջ խնդիրներ կհարոջւցեն առողջության համար:
Լիլիթ Ավետիսյանը կոչ է արել դիմել բժշկի հիվանդության զարգացման հենց սկզբում: «Ուշացած դիմելը մահվան է հանգեցրել: Իհարկե, այդ դեպքերում բացասական դեր են խաղացել խրոնիկ հիվանդությունները, որոնք զգալի բարդացրել են իրավիճակը: Չի կարելի զբաղվել ինքնաբուժությամբ, պետք է դիմել բժշկի եւ հետեւել հրահանգներին»,- ընդգծել է նա: Բժիշկը նաեւ հավաստիացրել է, որ «Տամիֆլյու» դեղամիջոցը բուժհաստատություններում անվճար է տրվում: Խոսելով հիվանդության կանխարգելման մասին` Ավետիսյանը խորհուրդ է տվել հիվանդներին եւ առողջներին դիմակ կրլ, իսկ հիվանդներին` չշփվել առողջ մարդկանց հետ:




























