Սեւանա լճի մակարդակը ներկայում գտնվում է 1900 մետր 18 սմ-ի վրա` 4 սմ-ով պակաս, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Այդ մասին այսօր` մարտի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնախնդիրների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը:

Լճի մակարդակի իջեցման պատճառն, ըստ Վլադիմիր Մովսիսյանի, ոռոգման նպատակներով 2012 թ. հավելյալ ջրի բացթողումն էր: Այսպես` 2012 թ. Սեւանա լճից բաց է թողնվել 310 մլն խոր. մետր ջուր, թեեւ սովորաբար նախատեսվում է բաց թողնել մինչեւ 170 մլն խոր. մետր:

Այնուամենայնիվ, ըստ Վ. Մովսիսյանի, Սեւանա լճի մակարդակը ներկայումս ավելի բարձր է կանխատեվածից: Դեռ 2002 թ. ընդունված ծրագրով` Սեւանա լճի մաիկարդակը տարեկան պետք է բարձրանա 21.6 սմ-ով, կամ 11 տարում` 2.38 մետրով: Սակայն փաստացի բարձրացել է 3.78 մետրով:

Ըստ ծրագրի` 2030 թ. Սեւանա լճի մակարդակը պետք է հասնի 1903.50 մետրի, ինչը թույլ կտա ամբարել 42 մլրդ խոր. մետր քաղցրահամ ջուր` 8 մլրդ խոր. մետրով ավելի, քան 2002 թ.: Վլ. Մովսիսյանի պարզաբանմամբ` այլ վայրերում 8 մլրդ խոր. մետր ջուր ամբարելու համար հարկ կլինի 790 հատ ջրամբար կառուցել` ծախսելով մոտ 30 մլրդ դոլար: Այնինչ Սեւանը քաղցրահամ ջրի բնական ամբարիչ է: