Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն, այսօր՝ մարտի 27-ին, այցելել է Հայաստանի ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանին: Խորհրդարանի ղեկավարը շնորհավորել է Վարպետին Թատրոնի միջագային օրվա կապակցությամբ եւ հանձնել այդ առթիվ նրան շնորհված ԱԺ Պատվո մեդալը:
Հովիկ Աբրահամյանը բարձր գնահատելով Սոս Սարգսյանի ավանդը հայ մշակույթի բնագավառում, առողջություն ու հետագա ստեղծագործական հաջողություններ է մաղթել նրան:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր Հովիկ Աբրահամյանը Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ մշակույթի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար ԱԺ Պատվո մեդալներով պարգեւատրել է ոլորտի մեկ տասնյակից ավելի գործիչների՝ Վարդուհի Վարդերեսյանին, Երվանդ Ղազանչյանին, Լեյլի Խաչատրյանին, Մարգո Մուրադյանին, Էվելինա Շահիրյանին, Ալեքսանդր Գրիգորյանին, Կամո Հովհաննիսյանին, Սիլվա Յուզբաշյանին, Բարսեղ Թումանյանին, Գեղանուշ Սայադյանին: ԱԺ նախագահի պատվոգրերով ու շնորհակալագրերով պարգեւատրվել են թատերական արվեստի շուրջ հինգ տասնյակ գործիչներ:
Հովիկ Աբրահամյանը ներկաներին տեղեկացրել էր, որ ԱԺ Պատվո մեդալի է արժանացել նաեւ Սոս Սարգսյանը, ով առողջական խնդիրների պատճառով ներկա չէ պարգեւատրման արարողությանը: ԱԺ նախագահը նշել էր, որ ինքը կայցելի եւ անձամբ կշնորհավորի Վարպետին եւ կհանձնի մեդալը:




























