Մարտի 26-ին Երեւանի պետական տիկնիկային թատրոնում տեղի է ունեցել Online մրցանակաբաշխությունը:
«Թատրոնի միջազգային օրվան ընդառաջ` որոշեցինք մրցանակաբաշխությունն անել մարտի 26-ին»,- նշել է մրցանակաբաշխության ադմինիստրատոր Նարեկ Մանուչարյանը: Ինչպես նշել են կայքի մրցանակաբաշխության հիմնադիր Ֆրունզե Գեւորգյանը եւ մամուլի քարտուղար Լիլիթ Տերտերյանը, այս անգամ մրցանակաբաշխության կանոնների մեջ որոշ փոփոխություններ են մտցվել. այս տարի մեկ IP-ից հնարավոր էր քվեարկել մեկ անգամ, քվեարկությունը փակ էր, որն ավելի էր հետաքրքրություն առաջացրել, ի տարբերություն անցած տարվա մրցանակաբաշխության` այս տարի անվանակարգերը 13-ն էին 10-ի փոխարեն, իսկ «Տարվա Online թատերական քննադատ» անվանակարգը վերանվանվել էր` դառնալով «Տարվա Online մշակութային լրագրող»:
Մրցանակաբաշխության մասնակիցները պատահական չէին ընտրվել. նրանք թատերական այն գործիչներն էին, ովքեր 2012 թվականին Online տիրույթում ամենաշատն էին ակտիվ եղել: Քվեարկությունը սկսվել էր փետրվարի 20-ին, ավարտվել մարտի 15-ին:
Մրցանակների հանձնման արարողությունը վարել են դերասաններ Հարություն Անդոյանն ու Ալլա Բունիաթյանը: Միջոցառումը սկսվել է անսովոր կերպով, հաղորդավարները միմյանց հետ սկզբից շփվել են վիրտուալ հարթակում` Skype-ով, որից հետո Online տիրույթից անցել են իրական հարթակ: Մրցանակաբաշխության ընթացքում հյուրերին հետաքրքիր անակնկալ է մատուցվել` հումորային հոլովակի տեսքով:
Ստորեւ ներկայացնում ենք 13 անվանակարգերի հաղթողներին.
Տարվա Online թատրոն – Գյումրիի պետական դրամատիկական թատրոն
Տարվա Online թատերախումբ - «Էպսիդոն»
Տարվա Online փառատոն - Մնջախաղի միջազգային փառատոն
Տարվա Online մշակութային լրագրող - Մանանա Հովակիմյան
Տարվա Online հարմարեցված պիես - «Հացի խնդիրը»
Տարվա Online բեմանկարիչ - Տաթեւ Հարությունյան
Տարվա Online մանկական ներկայացում - «Մաշայի եւ արջի արկածները»
Տարվա Online պարային-երաժշտական ներկայացում – «Կյանքի 5 տարրերը»
Տարվա Online ներկայացում - «Հացի խնդիրը»
Տարվա Online պրոդյուսեր - Տիգրան Վիրաբյան
Տարվա Online բեմադրող ռեժիսոր - Նարինե Գրիգորյան
Տարվա Online դերասանուհի - Տաթեւ Ղազարյան
Տարվա Online դերասան - Արմեն Մարգարյան
Տպավորիչ էր հատկապես «Տարվա Online դերասան» անվանակարգի հաղթողին հայտարարելու հատվածը: Անվանակարգի հաղթողին պետք է հայտարարեր անցած տարվա այդ անվանակարգում հաղթող Արմեն Մարգարյանը: Արմենին բեմ հրավիրեցին, նա բացեց ծրարը եւ անսպասելիությունից չկարողացավ ոչինչ ասել. ծրարում գրված էր հենց իր անունը:
Միջոցառման ավարտից հետո հյուրերին սպասվում էր հյուրասիրություն:
Նշենք, որ այս նախագծի նպատակն է հասարակությանը ներկայացնել եւ լուսաբանել հայկական թատրոնը, լսարանին հնարավորություն տալ ճանաչելու հայ թատերական գործիչներին եւ այն մարդկանց, ովքեր որեւէ կերպ առնչվում են թատրոնի հետ:
Մրցանակաբաշխության կազմակերպիչների խոսքով՝ մրցանակաբաշխությունը կկրի շարունակական բնույթ:




























