Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն, այսօր՝ մարտի 27-ին, հանդիպել է Երեւանի պետհամալսարանի եւ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի միջազգային հարաբերությունների ֆակուլտետների ուսանողների հետ, պատասխանեց Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցերի:

ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ուսանողների խնդրանքով նա անդրադարձել է Երեւանի ավագանու ընտրություններում ընդդիմության միավորման հնարավորությանը: Նրա գնահատմամբ՝ Հանրապետական կուսակցությունը մրցակցային պայքարի կողմնակից է եւ պայքարելու է հաղթանակի, Երեւանի բարեկեցության, նրա զարգացման հեռանկարի համար: Իսկ ընդդիմության միավորման հնարավորությունը, նրա կարծիքով, բավական մշուշոտ է, քանի որ ընդդիմությունը բազմաշերտ է, եւ նրանց միջեւ շարունակվում է պայքարը առաջինը լինելու համար:

Անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ նախագահական ընտրությունների արդյունքում երկրորդ տեղը գրաված Րաֆֆի Հովհաննիսյանի միջեւ հնարավոր երկխոսությանը՝ ԱԺ փոխնախագահն ասել է, որ ինքը կողմնակից է քաղաքական խնդիրները քաղաքական ճանապարհով լուծելուն եւ ոչ թե անձնական վիրավորանքներով ու ծայրահեղ հայտարարություններով քաղաքական մթնոլորտը սրելուն: Այս հարցում նա բարձր է գնահատել Հանրապետության նախագահի՝ դիմացինին լսելու պատրաստակամությունն ու օբյեկտիվ, կառուցողական որոշումներ կայացնելու կարողությունը, որոնք նպատակաուղղված են համերաշխ հասարակության օգնությամբ եւ փոխըմբռնման պայմաններում գոյություն ունեցող խնդիրները օրինական ճանապարհով առավել արդյունավետ լուծելուն: Էդուարդ Շարմազանովի գնահատմամբ՝ իշխանությունը չպետք է առկա թերությունները կոծկելու մտայնությամբ առաջնորդվի, իսկ ընդդիմությունը՝ կատարվածը չտեսնելու եւ միայն թերությունները մատնանշելու ճանապարհն ընտրի:

Ուսանողների խնդրանքով Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է նաեւ կադրային քաղաքականությանը, քաղաքացիական հասարակության զարգացման գործում սոցիալական ցանցերի դերին, երկրի անվտանգության խնդիրներին ու Հայաստանի բազմավեկտոր ու հավասարակշռված արտաքին քաղաքականությանը: