Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ Արամ Խաչատրյանի տուն թանգարանում տեղի է ունեցել մեծանուն կոմպոզիտորի 110-ամյակի միջոցառումների ծրագրի հոբելյանական հանձնաժողովի նիստը: Զեկուցելով նախապատրաստական աշխատանքների մասին՝ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը տեղեկացրել է, որ Արամ Խաչատրյանի հոբելյանի կապակցությամբ նախատեսվում են բազմաթիվ միջոցառումներ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:

Մասնավորապես, ընթացիկ տարում կկազմակերպվեն Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ, Երեւանյան դասական երաժշտության միջազգային փառատոն, «ԽաչատրյանՖԵՍՏ» հայ կոմպոզիտորական արվեստի փառատոն, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում տեղի կունենան Արամ Խաչատրյանի երաժշտությամբ ֆիլմերի ցուցադրում:

Կբեմադրվեն «Գայանե» եւ «Սպարտակ» բալետները, մասնավորապես, «Սպարտակ» բալետի հոբելյանական ներկայացումը տեղի կունենա նաեւ Ստրասբուրգում: Կկայանա «Խաչատրիանա» մոնո բալետային ներկայացման նոր բեմադրությունը կամ համերգային կատարումը, կանցկացվի Կամերային երաժշտության համերգաշար, կկազմակերպվի «Արամ Խաչատրյանը եւ արդիականությունը» թեմայով միջազգային գիտական կոնֆերանս:

Նախատեսվում  են Արամ Խաչատրյան տրիոյի համերգային շրջագայությունները Չինաստանում եւ ՌԴ-ում, «Հայկական կամերային երաժշտության փառատոն»-ն՝ ԱՄՆ-ում, ինչպես նաեւ Հայաստանի պետական կամերային երգչախմբի հյուրախաղերը Սանկտ-Պետերբուրգում:

Տեղի կունենան նաեւ Արամ Խաչատրյանի արխիվային նյութերի ցուցադրություններ, մեծանուն կոմպոզիտորին նվիրված ցերեկույթներ եւ այլ միջոցառումներ:

Նիստի ընթացքում ներկայացվել են նաեւ ողջ աշխարհում Արամ Խաչատրյանի արվեստի տարածմանը նպաստելուն ուղղված տարբեր առաջարկներ, որոնցից շատերն արժանացել են հանձնաժողովի հավանությանը: