Այսօր՝ մարտի 27-ին, Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի մասնակցությամբ կայացել է Լրագրողների համահայկական 6-րդ համաժողովի համակարգող մարմնի նիստը, որին ներկա են եղել Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը, «Քալիֆորնիա կուրիեր» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը, Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը, Լրատվամիջոցների համահայկական ընկերակցության նախագահ Տիգրան Հարությունյանը, ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, ԵՊՀ դասախոս Աստղիկ Ավետիսյանը, ՀՀ սփյուռքի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ:
Նիստը վարել է Լրագրողների համահայկական ընկերակցության համակարգող մարմնի ղեկավար Շահան Քանդահարյանը: Շնորհակալություն հայտնելով արդյունավետ համաժողով կազմակերպելու համար` նա նշել է, որ համաժողովից հետո էապես ակտիվացել է կապը հայաստանյան եւ Սփյուռքի մամուլի միջեւ, հայաստանյան մամուլն ավելի շատ է սկսել հետաքրքրվել Սփյուռքի կյանքով:
Քննարկվել են Լրագրողների համահայկական 6-րդ համաժողովի արդյունքների, առաջ քաշած խնդիրների ու ըստ առաջնահերթության` դրանց լուծման ուղիներին վերաբերող հարցեր: Նիստի մասնակիցներն անդրադարձել են նաեւ լրատվամիջոցներիում ղարաբաղյան շարժման եւ սումգայիթյան ջարդերի 25-րդ տարելիցի արձագանքներին, 2013թ. «Սփյուռք» ամառային դպրոցի լրագրողների վերապատրաստման դասընթացներին, ԶԼՄ-ների տարածաշրջանային առաջիկա հավաքներին հրավիրելու հարցերը:
Խոսելով Լրագրողների համահայկական 6-րդ համաժողովի համակարգող մարմնի ընթացիկ աշխատանքների մասին` Շահան Քանդահարյանը տեղեկացրել է, որ այժմ ուսումնասիրվել եւ համակարգվել են բոլոր առաջարկությունները:
Նիստին հեռակապով մասնակցել են Ռուսաստանի «Նոեվ կովչեգ» մեդիայի տնօրեն եւ համանուն թերթի գլխավոր խմբագիր Գրիգոր Անիսոնյանը, ԱՄՆ-ից` լրագրող Հակոբ Վարդիվառյանը, Լիբանանի «Խոսնակ» ամսագրի գլխավոր խմբագիր Համբիկ Մարտիրոսյանը եւ Արցախի ժուռնալիստների միության նախագահ Կիմ Գաբրիելյանը:
Ողջունելով տեսաժողովի մասնակիցներին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշել է, որ մինչեւ 2015թ.` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, պետք է օգտագործվեն բոլոր հնարավոր ամբիոնները, լսարանները թեմայի շուրջ լայն քննարկումներ ծավալելու համար: Այս իմաստով անհրաժեշտ են որոշակի աշխատանքներ օտարալեզու մամուլի ներկայացուցիչների հետ: Նախարարը մասնավորապես ասել է. «Մենք` հայերս գիտենք պատմական ճշմարտությունը, իսկ օտարին իրազեկելու համար անհրաժեշտ են նյութեր իրենց հասկանալի լեզուներով»: Գերատեսչության ղեկավարը կարեւորել է նաեւ աշխատանքը այն թուրք լրագրողների հետ, ովքեր ընդունում են Հայոց Ցեղասպանությունը եւ աշխատանք տանում Թուրքիայում եւ աշխարհի տարբեր երկրներում հարցի ճշմարտացի վերհանման ուղղությամբ:
Նախարարը ներկաների ուշադրությունն է հրավիրել նաեւ Մայրենի լեզվի անաղարտության պահպանման ուղղությամբ տարվող լեզվաքաղաքականության խնդրին եւ այդ ուղղությամբ լրագրողների անելիքներին:
Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Ա.Գեւորգյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ սփյուռքի նախարարությանը համահայկական եւ տեղեկատվական դաշտի ձեւավորման գործում ձեռնարկած բազմաբնույթ միջոցառումների համար:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ իրականացվող միջոցառումներին անդրադարձավ «Քալիֆորնիա կուրիեր» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հ.Սասունյանը, նա հստակեցրել է երեք գլխավոր անելիքներ` մեր առջեւ դրված գլխավոր նպատակը, դրա իրագործման համար կազմակերպվելիք միջոցառումները եւ այն միջոցները, որոնք պահանջվելու են այդ միջոցառումների իրականացման համար:
ԱՄՆ-ից` լրագրող Հակոբ Վարդիվառյանը հեռակապի միջոցով նշել է 100-ամյա տարելիցի միջոցառումներին օտարալեզու լրագրողների ներգրավման անհրաժեշտության մասին:
ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, շնորհակալություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարարությանը «Ամառային դպրոց» ծրագիրը կյանքի կոչելու եւ արդյունավետ կազմակերպմանը մեծապես աջակցելու համար` ներկայացրել է դպրոցի 2013թ. ծրագիրը:
Ն.Մարտիրոսյանը նիստին ներկա Սփյուռքի լրատվամիջոցների ներկայացուցիչներին կոչ է արել Ամառային դպրոցի դասընթացների շրջանակներում մասնակիցների համար հանդես գալ անմիջական կամ հեռավար դասախոսությամբ:
Դիմելով Սփյուռքում գործող լրատվամիջոցների ղեկավարներին եւ խմբագիրներին` ՀՀ սփյուռքի նախարարն ընդգծել է, որ նրանք հեղինակություններ են իրենց համայնքնեում եւ այս ուղղություններով աշխատանքների իրականացման գործում հայ համայնքների կողմից իրականացվող լոբբինգը կարող է մեծ արդյունքների բերել:




























