Երեւանի քաղաքապետարանում տեղի է ունեցել ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի ստորաբաժանումների ղեկավարների եւ Երեւան քաղաքի վարչական շրջաների ղեկավարների համատեղ խորհրդակցություն:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ խորհրդակցությանը ներկա է եղել ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանը:
Ողջունելով ներկաներին եւ կարեւորելով Երեւանի քաղաքապետարան-ոստիկանություն գործակցությունը՝ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հատկանշել է համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունն ու համատեղ ծրագրերում նաեւ հասարակական կազմակերպությունների առավելագույն ներգրավման անհրաժեշտությունը:
ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետն իր հերթին, կարեւորելով տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավորապես, Երեւանի քաղաքապետարանի հետ փոխգործակցության անհրաժեշտությունը եւ ընդգծելով այդ համատեքստում հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացումը, նշել է, որ ոստիկանությունն իր հերթին պատրաստ է օրենքով վերապահվված իր լիազորությունների շրջանակում ըստ ամենայնի աջակցել քաղաքապետարանի ծրագրերի ու միջոցառումների կազմակերպմանն ու անցկացմանը: Ներսես Նազարյանը նաեւ նշել է որ ՀՀ ոստիկանապետի օրերս արված կարգադրության համաձայն՝ այսուհետ անչափահասների հետ տարվող աշխատանքներին զուգահեռ, առավել խիստ ուշադրություն է դարձվելու ընտանեկան բռնությունների ու դրանց կանխարգելման խնդիրներին: Կարգադրության կատարման պատասխանատվությունը դրված է անձամբ ոստիկանության տարածքային բաժինների պետերի վրա:
Խորհրդակցության ընթացքում նշվել է, որ ոստիկանության հետ համագործակցության եւ համապատասխան ստորաբաժանումների սերտ աջակցության արդյունքում հաջողությամբ իրականացվել է Երեւանի քաղաքապետարանի եւ հայ-դանիական «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի համատեղ անօթեւան մարդկանց ժամանակավոր կացարանի տրամադրման ծրագիրը, որի արդյունքում ժամանակավոր կացարան է տեղափոխվել ընդհանուր թվով 152 անօթեւան: Պրոֆիլակտիկ տարբեր միջոցառումների արդյունքում նրանցից 30-ը ընտանիք է վերադարձել: 20 անօթեւան աշխատանք է ձեռք բերել եւ նորմալ կյանք է վարում, եւս 15-ը հաշվառված են զբաղվածության կենտրոնում: Ոստիկանության անմիջական աջակցությամբ վերականգնվել են 10 անօթեւանի անձնագրերը, եւս 8-ը օրերս կստանան իրենց վերականգնված փաստաթղթերը:
Ոստիկանության հետ համատեղ զգալի աշխատանք է տարվել նաեւ մուրացիկ, թափառաշրջիկ, իրավախախտ եւ բռնության ենթարկված երեխաների իրավունքների եւ շահերի պաշտպանության ուղղությամբ։ Հատկապես ակտիվ է եղել համագործակցությունը Երեւան քաղաքում մուրացիկ, թափառաշրջիկ երեխաների հայտնաբերման, անչափահասների կողմից իրավախախտումների կանխարգելման ուղղությամբ։ Ոստիկանության բաժինների անչափահասների բաժանմունքների տեսուչների հետ համատեղ ոչ միայն կազմակերպվել են մուրացիկ, թափառաշրջիկ եւ իրավախախտ երեխաների կողմնորոշման հետ կապված հարցերի քննարկումներ, այլեւ կազմակերպվել է նրանց վերադարձը ընտանիք, տեղավորվել են մանկատներում, երեխաների խնամքի եւ պաշտպանության գիշերօթիկ հաստատություններում։
Գենդերային բռնության նվազեցման ու կանխարգելման, ճանաչման, ուղղորդման անհրաժեշտ ընթացակագերի հստակեցման նպատակով Երեւան քաղաքի ոստիկանության բաժինների անչափահասների բաժանմունքների տեսուչների հետ կազմակերպվել են հանդիպում-քննարկումներ:
Քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության եւ ՀՀ ոստիականության անչափահասների գործերով բաժինների միջեւ համագործակցության մասով կազմվել է համատեղ միջոցառումների պլան եւ կատարման ժամանակացույց, որի շրջանակում իրականացվում են տարաբնույթ միջոցառումներ՝ այդ թվում ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչների կողմից անցկացվող դասեր, մրցույթներ, վիկտորինաներ եւ այլն:
Խորհրդակցության վերջում ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ նման հանդիպումներն այսուհետ պարբերական բնույթ կկրեն:




























