Երեւանի քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է Երեւանի քաղաքապետարանի կողմից 2013 թվականին նախատեսված մշակութային ոլորտում նախատեսված աշխատանքներն ու ծրագրերը:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Արամ Սուքիասյանը նշել է, որ գարնանային միջոցառումների շրջանակում մարտի 20-ից մեկնարկել է աշակերտների գեղագիտական զարգացմանն ուղղված «Մշակութային գարուն» ծրագիրը, որի շրջանակում հանրակրթական եւ ավագ դպրոցների ավելի քան 35 հազար դպրոցականներ հնարավորություն կունենան մայրաքաղաքի մի շարք մշակութային օջախներում ներկա գտնվել դպրոցական ծրագրերին համահունչ համերգների, նաեւ ներկայացումներ ու ֆիլմեր դիտել: «Մշակութային գարունը» շարունակվելու է մինչեւ հունիսի 1-ը, աշակերտների մշակութային օջախներ այցելությունների տոմսերի ծախսը քաղաքապետարանն է հոգացել:
«Ծրագրի շրջանակում աշակերտները կմասնակցեն նաեւ «Դպրոցականի ֆիլհարմոնիայի» դասընթացներին, որտեղ բանախոսները, նախքան բուն միջոցառումը, ներկայացնում են տվյալ ստեղծագործության մասին մանրամասներ, ծանոթացնում երեխաներին երաժշտական ժանրերին ու ազգային նվագարաններին: Ֆիլմերի ու ներկայացումների դեպքում էլ ռեժիսորների ու դերակատարների հետ շփվելու կամ նրանց մասին ավելին իմանալու հնարավորություն կունենան: Ընտրված ինտերակտիվ այս ձեւաչափը յուրօրինակ ուսուցողական բնույթ է կրում, եւ կարծում եմ ծրագիրն, իսկապես, կծառայի իր նպատակին»,- նշել է Արամ Սուքիասյանը:
Կրկեսի շենքի վերակառուցմամբ պայմանավորված ` ապրիլի 1-ին Աջափնյակ, Ավան, Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա եւ Կենտրոն վարչական շրջաններում նախատեսվում է անցկացնել բացօթյա միջոցառումներ` աճպարարների, ձեռնածուների եւ կրկեսային 20 այլ արտիստների մասնակցությամբ:
Մշակութային մի շարք միջոցառումներ կանցկացվեն ապրիլի 20-ին, երբ կամփոփվի Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու կապակցությամբ անցկացված միջոցառումների տարին:
«Ապրիլի 29-ին` պարի միջազգային օրը, կունենանք համաքաղաքային միջոցառումներ պարարվեստի գործիչների մասնակցությամբ: Կունենանք նաեւ բավական մեծ դիսկոտեկ, ուր ոչ միայն պրոֆեսիոնալները մասնակցություն կունենան, այլ նաեւ մեր երիտասարդությունն ինքը պարզապես մասնակից կդառնա պարարվեստին»,- նշել է Արամ Սուքիասյանը:
Ինչպես նախորդ տարի, այս տարի եւս ապրիլի 30-ին Երեւանում մեծ շուքով կնշվի նաեւ ջազի միջազգային օրը: Մայիսի մեկին իր դռները կբացի կենդանաբանական այգին: Այս եւ մայրաքաղաքի այլ զբոսայգիներում այդ օրը առաջին անգամ տեղի կունենա փողային նվագախմբերի համաքաղաքային փառատոն:
Արամ Սուքիասյանն ընդգծել է, որ ակտիվ աշխատանքներ են տարվում միջազգային համագործակցության զարգացման եւ մասնավորապես Երեւանը որպես մշակութային կենտրոն ներկայացնելու ուղղությամբ: Այդ նպատակով, որպես 2012 թվականի ամռանը Երեւանում անցկացված սանկտպետերբուրգյան օրերի փոխադարձ այց, հուլիսի 3-7-ը ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում անցկացվելու է «Երեւան քաղաքի մշակութային օրերը Սանկտ Պետերբուրգում» ծրագիրը: Քաղաքապետարանի աջակցությամբ երեւանցիները հնարավորություն կունենան մայրաքաղաքում հյուրընկալելու երաժշտարվեստի հայտնի դեմքերի` բազմաթիվ, այդ թվում՝ «Երեւանյան հեռանկարներ» միջազգային փառատոների շրջանակում:
Զբոսաշրջության զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքների հետ կապված` քաղաքապետի խորհրդականը նշել է, որ Երեւան քաղաքի զբոսաշրջային տարբերանշանի մրցույթի շրջանակում ներկայացվել է 66 աշխատանք: Մայիսի 10-ին Հայաստանի եւ արտերկրից հրավիրված մասնագետների կողմից կազմված հանձնաժողովը աշխատանքներից ընտրելու է մեկը, որն էլ կդառնա մայրաքաղաքի զբոսաշրջային տարբերանշանը: Ապրիլի 1-ից երեւանցիներն ու մայրաքաղաքի հյուրերը «Երեւան Սիթի Տուր» զբոսաշրջային երկհարկանի ավտոբուսներով կկարողանան շրջել մայրաքաղաքի փողոցներով եւ ծանոթանալ պատմամշակութային հուշարձաններին` նյութերի նոր լեզուներով մատուցմամբ:
Անդրադառնալով մայրաքաղաքում մշակությային կյանքի ակտիվացմանը՝ Արամ Սուքիասյանը նկատել է, որ այդ աշխատանքները մեծապես պայմանավորված են նաեւ նոր սերնդի մշակութային դաստիարակության համար անհրաժեշտ պայմանների ստեղծմամբ եւ ապահովմամբ:
«Նախորդ տարվա ընթացքում քաղաքապետի նախաձեռնությամբ մեկնարկեց երաժշտական եւ արվեստի դպրոցների ջեռուցման ծրագիրը, որի արդյունքում այսօր ջեռուցման համակարգով ապահոված չէ այդ կրթօջախների ընդամենը 10 տոկոսը: Ինչպես Տարոն Մարգարյանն է բազմիցս հայտարարել, 2013 թվականի ավարտին մենք չենք ունենա քաղաքապետարանի վերահսկողության տակ գտնվող չջեռուցվող կրթօջախներ»,-ասել է նա:




























