Երկար տարիներ Երեւանում անարդյունավետ կերպով զբաղեցվել են բոլոր ազատ տարածքները, որոնք հաճելի հանգստի վայրեր էին մայրաքաղաքի բնակիչների համար: Այս մասին, այսօր՝ մարտի 28-ին, մամուլի ասուլիսում նշեց Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:

Նրա խոսքով՝ իրենց միության խնդիրն այն է, որպեսզի բարձրաձայնեն Երեւան քաղաքում սխալ լուծվող խնդիրներին վերաբերող հարցեր: «Խնդիրների լուծման համար անհրաժեշտ է հետեւել քաղաքաշինական օրենքներին, սակայն դրանք շատ հաճախ անտեսվում են անօրինական շինարարություն կազմակերպող որոշ մարդկանց կողմից»,-ընդգծեց Մինասյանը:

Նա մտահոգություն հայտնեց Մաշտոցի պողոտայի «Փակ շուկայի» հետ կատարվողի առնչությամբ: «Ապօրինի շինարարությունն այդ տարածքում փաստացի շարունակվում է, սեփականատերն ուշադրություն չի դարձնում նույնիսկ համապատասխան մարմինների որոշումներին: Նման իրավիճակներ են ստեղծված նաեւ քաղաքի այլ վայրերում»,-նշեց Ճարտարապետների միության նախագահը: Նրա համոզմամբ՝ կան ուժեր, որոնք օրենքից վեր են կանգնած եւ դա գիտակցելը շատ ցավալի է:

«Մեր լիազորությունների սահմաններում մենք կփորձենք կանխել այն երեւույթները, որոնք կարող են վնասել ժողովրդին»,-ասաց Մինասյանը:

Նա նաեւ համարում է, որ պետք է հասնել քաղաքի համաչափ զարգացման: «Հիմնական խնդիրներից պետք է առանձնացնել քաղաքի կանաչապատման խնդիրը, քանի որ ներկայումս քաղաքում մեկ շնչին ընկնող կանաչ տարածքը նվազել է հասնելով մինչեւ 3 քմ-ի»,-ամփոփեց Մինասյանը: