Հայաստանի արդարադատության նախարարությունը եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակն, այսօր՝ մարտի 28-ին, անցկացրել են «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագիր» նախագծի շուրջ հանրային քննարկումների 2-րդ փուլը, որի ընթացքում մասնակիցների ուշադրությանն է ներկայացվել նախագծի` պետական, միջազգային ու հասարակական կառույցների, ինչպես նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մասնակցությամբ լրամշակված տեքստը:
Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ արդարադատության փոխնախարար Եղիշե Կիրակոսյանը ողջունել է ներկաներին հանդիպմանը մասնակցելու համար եւ նշել, որ քննարկումը միտված է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի բարելավման ուղղությամբ հստակ առաջարկներ ստանալուն: «Այս քննարկման անմիջականությունից է կախված ռազամավարության՝ նոր առաջարկներով համալրման արդյունավետությունը»,- ասել է Կիրակոսյանը՝ հույս հայտնելով ստանալ կառուցողական առաջարկներ ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագիրը ավարտուն տեսքի բերելու համար:
ԵԱՀԿ Մարդու իրավունքների ծրագրի պատասխանատու Վլադիմիր Չունտուլովի խոսքով՝ մարդու իրավունքների պաշտպանության խթանումը մնում է ԵԱՀԿ գործունեության կարեւոր դրույթներից մեկը: «Այն հասարակությունը, որը տեղյակ է մարդու իրավունքների պաշտպանությունից, հակված է նաեւ այդ իրավունքները պաշտպանելուն»,-նշել է Չունտուլովն՝ ընդգծելով, որ ԵԱՀԿ անդամ 57 պետությունները ստանձնել են պարտավորություններ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: «Այդ իրավունքները չեն հանդիսանում պետության միայն ներքին խնդիրը , այլ դիտարկվում են մարդու իրավունքերի պաշտպանություն՝ համընդհանուր համակարգում: Պետք է ձեւավորվի մարդու իրավունքների պաշտպանության համընդհանուր մշակույթ, քանի որ դա միայն մեկ աշխատանքային խմբի եւ իշխանության երեք ճյուղերի աշխատանքը չէ, այլ հասարակության ընդհանուր օրակարգը»,- շեշտել է Չունտուլովը՝ վստահեցնելով, որ ԵԱՀԿ-ն պատրաստակամ է օժանդակելու Հայաստանին այս գործընթացում:
Հանրային քննարկմանը մասնակցող պետական, հասարակական ու միջազգային կառույցների ներկայացուցիչներն իրենց բանավոր նկատառումներն են ներկայացրել Ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրի վերաբերյալ, որոնց մի մասը նախարարի տեղակալի հավաստմամբ, կքննարկվեն ու կընդգրկվեն ծրագրում: Նրանք գոհունակություն են հայտնել ՀՀ արդարադատության նախարարությանը՝ իրենց առաջարկները գնահատելու եւ գործողությունների ծրագրում մեծամասամբ ընդգրկելու կապակցությամբ:
«Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագիր» նախագծի շուրջ հանրային քննարկումների 2-րդ փուլի նպատակն էր` վերանշյալ կառույցների հետ համատեղ աշխատանքի արդյունքում ստանալ հանրության կողմից ընդունելի, մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված իրատեսական միջոցառումներ նախատեսող փաստաթուղթ:
Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը հաստատելու մասին ՀՀ նախագահի կարգարդրությունն ուժի մեջ է մտել 2012 թվականի նոյեմբերի 17-ին: Ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրի ընդունումը կնպաստի Հայաստանում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների երաշխավորման, ապահովման եւ պաշտպանության ամրապնդմանը, ազգային օրենսդրության մեջ եւ իրավակիրառ պրակտիկայում մարդու իրավունքների պաշտպանության չափանիշների երաշխավորմանը, մարդու իրավուննքերի պաշտպանության առավել հետեւողական եւ համակարգված քաղաքականության իրականացմանը:




























