Այսօր՝ մարտի 28-ին` Ավագ հինգշաբթի օրը, Միածնաէջ Մայր Տաճարում Գարեգին Բ-ն հանդիսապետել է Ոտնլվայի արարողությունը:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ արարողության ընթացքում ընթերցվել են Ս. Գրքից հատվածներ, ապա Հովհաննես Պլուզ վարդապետի «Սիրո մասին» խրատը, որից հետո Նորին Սրբությունը խաչով ու Ավետարանով օրհնել է խորանի վրա դրված ջուրը եւ յուղը:
Այնուհետեւ, Քրիստոսի օրինակով, Գարեգին Բ-ն ծունկի է եկել եւ շարականների երգեցողության ներքո լվացել ու յուղով օծել է տասներկու անձանց ոտքերը: Նրանց թվում էին եպիսկոպոսներ, վարդապետներ, աբեղաներ, սարկավագներ, Գեւորգյան հոգեւոր ճեմարանի սաներ, Երեւանի պետական համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետի ուսանողներ, Մայր Աթոռի Էօռնեկյան հանրակրթական դպրոցի աշակերտներ, զինվորներ եւ Հայաստանում ապաստան գտած սիրիահայ մի մանուկ:

























