Այսօր՝ մարտի 28-ին, ժամը 11:00-ին, ԵՊԼՀ-ում ֆրանկոֆոնիայի միամսյակի շրջանակներում տեղի է ունեցել Ակադեմիական նվաճումների կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը: Կենտրոնի բացման արարողությունը տեղի է ունեցել Ֆրանկոֆոն համալսարանների ասոցիացիայի (AUF) Գլխավոր քարտուղար Վանդա Դիեբոլթի, ՖՀԱ-ի Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի Գրասենյակի տնօրեն Աբդերահման Ռիդան, ԵՊԼՀ ռեկտորի գլխավորությամբ: Բարձրաստիճան հյուրերի շարքում են եղել նաեւ ՀՀ-ում Ռումինիայի դեսպան տիկին Կրինա Ռոդիքա Պրունարիուն, ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանի առաջին խորհրդական Ի. Գինելը, մշակութային հարցերով դեսպանի խորհրդական Ժան-Միշել Կասբարյանը, Ֆրանսերենի հարցերով կցորդ, Արտակարգ հարցերի գծով պատասխանատու Ֆաբիեն Ներան, ՀՀ ԱԳՆ-ի ֆրանկոֆոնիայի հարցերով խորհրդական Քրիստիան Տեր-Ստեփանյանը, Հայաստանում Ֆրանսիական համալսարան հիմնադրամի ռեկտոր պրոֆեսոր Ժան-Ժակ Մոնտուան, ներկայացուցիչներ Երեւանի պետական մանկավարժական համալսարանից, Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանից եւ այք:
Ինչպես նշել է Ֆրանկոֆոն համալսարանների ասոցիացիայի Գլխավոր քարտուղար տիկին Դիեբոլթը, «այսպիսի կենտրոններ կան աշխարհի հինգ մայրցամաքներում, եւ աշխարհի շուրջ 800 համալսարաններ միացված են ՖՀԱ-ի ցանցին: Այսպիսի կենտրոններ բացելով՝ մենք ցանկանում ենք եւս մեկ անգամ շեշտել. մեր գլխավոր մտահոգությունն է բավարարել ուսանողների կարիքները»: «Փորձելու ենք զարգացնել ֆրանսախոսությունը երեք ուղղություններով. Ֆրանսերենով տարբեր մասնագիտություններ կբացենք ԵՊԼՀ-ում, հատուկ ուշադրություն կդարձնենք համալսարանական կառավարմանը եւ կրթության, տեղեկատվության մատչելիություն կապահովենք կրթական համակարգի թվայնացման միջոցով»,-հավելել է տիկին Դիեբոլթը:
Արեւելյան Եվրոպայի Գրասենյակի տնօրեն Աբդերահման Ռիդայի խոսքով՝ «Ակադեմիական նվաճումների կենտրոնը կծառայի ուսանողների համար, քանի որ երբեմն մենք փորձում ենք լուծումներ գտնել հեռվում, երբ դրանք շատ ավելի մոտ են: Մեր երեխաներին հեռուները ուղարկելու փոխարեն կարող ենք նրանց տեղում առաջարկել որակյալ գրականություն, ճշգրիտ եւ հասանելի տեղեկատվություն»,-ավելացրեց պարոն Ռիդան: Ե՛վ տիկին Դիեբոլթը, եւ՛ պարոն Ռիդան իրենց խորին ծնորհակալությունը հայտնեցին ՀՀ Կառավարությանը համագործակցությունը ընդլայնելու, իսկ ԵՊԼՀ-ին Ֆրանկոֆոն թվայնացված կենտրոնները եւս մեկով ավելացնելու համար:
Հիշեցնենք, որ Ֆրանկոֆոն Համալսարանների Ասոցիացիայի (ՖՀԱ) «Ակադեմիական նվաճումների կենտրոն» անվանումը շնորհվում է ՖՀԱ–ի անդամ համալսարանների գիտաուսումնական այն կենտրոններին, որոնք համապատասխանում են ՖՀԱ–ի պահանջներին : Ուստի 2012 թ. ԵՊԼՀ-ի հետ կնքած պայմանագրի համաձայն՝ ՖՀԱ-ի աջակցությամբ եւ օժանդակությամբ Կենտրոնը հընթացս համալրվում է ժամանակակից թվային տեխնիկայով, գիտական գրականությամբ, ուսումնամեթոդական նյութերով եւ դասագրքերով:
ՀՀ ԱԳՆ եվրոպական բաժնի պատասխանատու Քրիստիան Տեր-Ստեփանյանը կարեւորել է Հայաստնաի կողմից ստորագրված Լեզվական պակտի դերը ֆրանկոֆոնիայի արժեքների տարածման գործում: «Մենք ստորագրեցինք այդ պակտը երբ դեռ Ֆրանկոֆոնիայի միազգային կազմակերպության լիիրավ անդամ չէինք: Այժմ, երբ Հայաստանը ՖՄԿ լիիրավ անդամ է, մենք ստանձնում ենք այդ պակտից բխող բոլոր պարտավորությունները»,-նշել է պարոն Տեր-Ստեփանյանը:
Կենտրոնը, որը ղեկավարում է դոցենտ Կ. Գրիգորյանը, աջակցելու է երիտասարդ ֆրանկոֆոն հետազոտողներին եւ գիտնականներին` նպաստելով նրանց գիտական առաջընթացին ու ճանաչմանը, ՖՀԱ-ի տրամադրած միջոցներով ապահովելու է արդիական գիտական տեղեկատվության մատչելիություն, կազմակերպելու է լսարանային եւ առցանց վերապատրաստումներ ֆրանսերեն դասավանդողների համար, նպաստելու է միջհամալսարանական համագործակցության հետագա զարգացմանը:




























