Հայաստանի 43 պատմամշակութային վայրեր Մետաքսի ճանապարհի սեւծովյան միջանցքի մաս կկազմեն:
Սեւծովյան տարածաշրջանի մետաքսի ճանապարհի միջանցքի ծրագիրը 24-ամսյա ծրագիր է, որը կոչված է խթանել միջսահմանային համագործակցությունը եւ տնտեսական զարգացումը սեւծովյան տարածաշրջանի չորս երկրների՝ Հունաստանի, Թուրքիայի, Վրաստանի եւ Հայաստանի ավելի քան 173 համայնքներում:
Հայաստանում ծրագիրը ֆինանսավորում են Եվրամիության «Սեւծովյան համագործակցության ծրագիրը», ԱՄՆ ՄԶԳ «Ի-Դի-Էմ-Սի» ծրագիրը եւ «Հայկական հուշարձանների ճանաչման ծրագիրը»՝ որպես ծրագրի գլխավոր իրականացնող: Ակնկալվում է, որ ծրագիրը կնպաստի գյուղական բնակավայրերի մեկուսացման նվազեցմանը եւ էկոտուրիզմի խթանման միջոցով տեղական համայնքների զարգացմանը՝ նպատակ ունենալով հարստացնել այցելուների փորձը եւ պահպանել մշակութային հուշարձաններն ու կենսաբազմազանությունը:
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Ձեռնարկությունների զարգացման եւ շուկայի մրցունակության» («Ի-Դի-Էմ-Սի») ծրագիրն ուղղված է Հայաստանում բիզնես միջավայրի բարելավմանն ու փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) զարգացմանն աջակցելուն: Հնգամյա այս ծրագրի նպատակն է Հայաստանում բարձրացնել զբաղվածության եւ եկամուտների մակարդակը` խթանելով աճը արտահանման մեծ ներուժ ունեցող ընտրված արժեքի շղթաներում, որոնք են բարձր տեխնոլոգիաները, դեղագործությունը/բիոտեխնոլոգիաները, պտուղ-բանջարեղենի վերամշակումն ու զբոսաշրջությունը:
Այս առնչությամբ՝ ապրիլի 2-ին «Էրեբունի» թանգարանում տեղի կունենա մետաքսի ճանապարհի սեւծովյան միջանցքի (BSSRC) ծրագրի վերաբերյալ մամուլի ասուլիս, որին ներկա կլինեն կառավարության պաշտոնյաներ եւ զբոսաշրջության, տնտեսական զարգացման եւ մշակութային համագործակցության ոլորտները ներկայացնող միջազգային փորձագետներ: «Ընդհանուր սահմաններ, ընդհանուր լուծումներ» թեմայով ասուլիսին կխոսվի Հայաստանի այն պատմամշակութային եւ բնության վայրերի մասին, որոնք ընդգրկվելու են BSSRC ծրագրում: Կներկայացվեն զբոսաշրջային ուղին նշելու մանրամասները, ծրագրի ժամանակացույցը, ինչպես նաեւ ընտրված վայրերում իրականացվելիք համայնքային հետազոտությունները:
«Ընդհանուր սահմաններ, ընդհանուր լուծումներ» թեմայով մամուլի ասուլիսում ելույթ կունենան ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը, ՀՀ մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանը, «Հայկական հուշարձանների ճանաչման ծրագրի» նախագահ Ռիչարդ Նայը եւ «ICOMOS-Հայաստան»-ի նախագահ, «Էրեբունի» թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը:




























