Կրթության եւ գիտության նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը անդրադարձել է նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական  պատգամավոր Վարդան Օսկանյանի հայտարարությանը: Նա «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Նախ, ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել ԲՀԿ-ին Վարդան Օսկանյանին Երեւանի ավագաու ընտրություններին իրենց ցուցակի առաջին հորիզոնականում տեղադրելու եւ այդպիսով իմ գրական-քաղաքական գործունեության մեջ իր կերպարը վերադարձնելու համար: Ընդհանուր առմամբ Վ. Օսկանյանի այսօրվա ծրագրային գրառումը չեր տարբերվում նախորդ նմանատիպ գրառումներից:  Փաստերի, փաստարկների, գնահատականների եւ մոտեցումների արդեն սովորական դարձած մանիպուլյացիա, շաղախված անզուսպ անձնական ամբիցիաներով: Վ. Օսկանյանը ուզում է դառնալ Երեւանի քաղաքապե՞տ: Տեսականորեն, ինչու ոչ: Բայց մինչ ընտրարշավի մեկնարկը առաջարկում եմ իրեն ազնվորեն լրացնել հետեւյալ հարցաթերթիկը:

Հարց 1. Եթե Երեւանի ընտրությունները դիտարկում եք քաղաքական եւ երկրում իրավիճակ եք ուզում փոխել, ապա ինչու՞ նման անփառունակ կերպով հուղարկավորեցիք Ձեր քաղաքական ամբիցիաները ՀՀ նախագահական ընտրություններին:

Հարց 2. Ինչպե՞ս եք պատրաստվում դառնալ քաղաքապետ, եթե ընտրվելու համար չունեք քաղաքական ինքնաբավության նվազագույն աստիճան եւ ամբողջ քարոզարշավին ԲՀԿ-ի ղեկավարը Ձեր ձեռքը բռնած պատրաստվում է շրջել Երեւանով ու համոզել բոլորին, որ «Վարդանը մեր տղենա»:

Հարց 3. Եթե այդքան կարեւորում եք ոչ իշխանական ուժերի միասնականությունը, ինչու՞ տապալեցիք միասնական ցուցակով գնալու ընդդիմության ցանկությունը:

Հարց 4. Ինչպե՞ս եք պատկերացնում նույն այդ ուժերի հետ հետագա համատեղ աշխատանքը, եթե գալիք ընտրարշավին Ձեր թիվ մեկ նպատակը Րաֆֆու ձայները տրոհելն է:

Հարց 5. Արդյոք ատրճանակը հեռախոսից տարբերելու Ձեր` ԲՀԿ-ի ներսում դրսեւորած բացառիկ ունակությունը բավարա՞ր է լինելու մեր, երեւանցիներս, ամենօրյա հոգսերը թեթեւացնելու համար»: