Հայկական ատոմակայանի սեյսմիկ անվտանգությունը լիովին համապատասխանում է միջազգային չափորոշիչներին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը:

«ԱԷԿ-ի սեյսմիկ անվտանգության հարցը գտնվում է ԱԷՄԳ-ի ուշադրության կենտրոնում, ընդ որում` դեռ ատոմակայանի կրկնակի գործարկումից առաջ»,- նշել է պեկոմիտեի ղեկավարը: 1997 թվականից ԱԷՄԳ-ն մշակել է գործող բլոկի սեյսմիկ անվտանգության վերանայման մեթոդիկան, եւ այդ հատուկ մեթոդաբանությանը համապատասպան հայկական կողմը 10 խնդիրներից բաղկացած կոնկրետ ծրագիր է մշակել»,- նշել է Աշոտ Մարտիրոսյանը:

«Բոլոր խնդիրները լուծված են միջազգային հեղինակավոր ընկերությունների մասնակցությամբ: Այժմ գործող բլոկի սեյսմիկ անվտանգությունը լիովին համապատասխանում է միջազգային չափորոշիչներին»,- ընդգծել է պետկոմիտե նախագահը` հավելելով, որ իրականացվել են բոլոր անհրաժեշտ աշխատանքները, կառուցվածքի, շենքերի, սարքավորումների, բոլոր տարրերի ամրացման ուղղությամբ, որոնք անվտանգության ապահովման առումով նշանակություն ունեն: Ինչպես նշել է Աշոտ Մարտիրոսյանը` աշխատանքին մասնակցել են ընկերություններ եւ ինստիտուտներ Եվրոպայից եւ Ռուսաստանից, փորձագետներ ԱՄՆ-ից:

Նշենք, որ հարեւան Թուրքիան եւ Ադրբեջանը պարբերաբար շահարկում են ատոմակայանի անվտանգության հարցը` փորձելով քաղաքական ճնշումներ բանեցնել Հայաստանի վրա: