Հայաստանի տնտեսության մեջ 2010 թվական հունվարին 2009-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ, գրանցվել է ՀՆԱ-ի 2,4 տոկոսանոց աճ: Նույն ժամանակահատվածում արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 6,5 տոկոսով, էլեկտրաէներգիայի արտադրությունը` 3,7 տոկոսով, իսկ գյուղատնտեսական արտադրանքի ծավալը` 3,1 տոկոսով: Աճը գրանցվում է 2009-ի հունվարի համեմատությամբ, իսկ այդ ժամանակ ճգնաժամը Հայաստանում գտնվում էր իր բարձրակետին: Նշենք, որ նույն ժամանակահատվածի համեմատությամբ 2010-ի հունվարին շինարարության ոլորտում անկում է գրանցվել, որը կազմել է 10,7 տոկոս:
Այլ է պատկերը, երբ 2010-ի հունվարի ցուցանիշները համեմատում ենք ոչ թե 2009-ի հունվարի, այլ նախորդ ամսվա հետ: Այս դեպքում պարզ է դառնում, որ ՀՆԱ-ն նվազել է 60,5 տոկոսով, արդյունաբերակն արտադրանքի ծավալը` 29 տոկոսով, էլեկտրաէներգիայի արտադրությունը` 3,2 տոկոսով, գյուղատնտեսական արտադրանքի ծավալը` 64,4 տոկոսով, իսկ շինարարությունը` 83,2 տոկոսով: Ինչ վերաբերում է արտահամանն ու ներմուծմանը, ապա 2010-ի հունվարին, նախորդ տարվա հունվարի համեմատությամբ արտահանումն աճել է 1,8 տոկոսով, ներմուծումը նվազել` 4,4 տոկոսով: Իսկ եթե համեմատում ենք 2010-ի հունվարը նախորդ ամսվա հետ, ստացվում է, որ արտահանումն աճել է 57,5 տոկոսով, իսկ ներմուծումը` 8,3 տոկոսով: Հատկնշական է եւս մեկ հանգամանք. Ըստ որի, սովորաբար հունվարին նկատվում է գնանկում, քանի որ տնտեսությունը համեմատաբար սառած վիճակում է, սակայն այս տարի այդ ավանդույթը խախտվել է եւ գրանցվել է 1,7 տոկոսի գնաճ:




























