«Գազպրոմն» Անկարայի հետ քննարկում է Թուրքիա արտահանվող գազի գնի նվազեցման հնարավորությունը: Այդ մասին փետրվարի 18-ին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Իգոր Սեչինը՝ Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզի հետ հանդիպումից հետո:
«Մենք մեր թուրք գործընկերների հետ քննարկել ենք այդ հարցը եւ, կարծում եմ, բարեկամները պետք է միմյանց զիջումներ անեն: Բիզնեսը պետք է փոխշահավետ լինի: Փոխզիջումն այն է, ինչին պետք է ձգտենք»,- հայտարարել է Սեչինը:
Նա նշել է, որ ռուս-թուրքական էներգետիկ համագործակցությունը շատ բուռն է զարգանում, եւ Մոսկվայում այդ երկրին վերաբերվում են որպես կարեւոր գործընկերոջ:
Բանակցություններում քննարկվել են Սամսուն-Ջեյհան նավթատարի նախագծի իրացման, Թուրքիայում ԱԷԿ-ի շինարարության եւ այլ հարցեր: Սեչինը նկատել է, որ իր այցը նպատակ ունի նաեւ նախապատրաստել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի այցը Թուրքիա՝ այս տարվա մայիսին:
Քննարկվել է նաեւ երկու երկրների միջեւ վիզային ռեժիմի վերացման հարցը:




























